Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ում «պետք է առաջնորդի փոփոխություն տեղի ունենա»


Առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը (կենտրոնում) ընդդիմության երթում, 12-ը դեկտեմբերի, 2011թ.

Առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը (կենտրոնում) ընդդիմության երթում, 12-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) պետք է առաջնորդի փոփոխություն տեղի ունենա: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց ՀԱԿ-ի անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:

Գիմիշյանը եւս կարծում է, որ Կոնգրեսում ճգնաժամային իրավիճակ կա, եւ եթե այդ իրավիճակը չփոխվի, ապա ընդդիմադիր քաղաքական դաշինքը փրկելը շատ դժվար կլինի:

Կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժի ղեկավարն ընդգծում է, որ երբ հիմնադրվեց ՀԱԿ-ը, քաղաքական այդ կառույցի հիմնական նպատակը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով սահմանադրական կարգը վերականգնելն էր: Սակայն այդ ծրագիրը ամբողջությամբ տապալվեց, արտահերթ նախագահական ընտրություններ չեղան, ՀԱԿ-ը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին` ստանալով 7 տոկոս, որը նույնիսկ վիրավորական է հզոր շարժման համար: Այնուհետեւ սկսվեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, արդյունքում Կոնգրեսը կորցրեց իր ընտրազանգվածը: Հենց այս ամենը հաշվի առնելով, ըստ Սոս Գիմիշյանի, պետք է նոր նպատակների ծրագիր կազմել, Կոնգրեսը պետք է ունենա նոր առաջնորդ եւ պատրաստվի հաջորդ ընտրություններին:

«Քանի որ ավարտվեց այս ցիկլը, նախագահական ընտրություններին չենք մասնակցում, խորհրդարանական էլ տանուլ ենք տվել, պարտություն ենք կրել շատ ծանր, ուրեմն պետք է պատրաստվել հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Եթե հիմա չի առաջադրվում առաջնորդը, ուրեմն հիմա նա պետք է առաջնորդի կարգավիճակից հրաժարվի, նոր մարդիկ ի հայտ գան, ումով պիտի հետագայում ՀԱԿ-ը գնա ընտրությունների: Պահպանել նույն առաջնորդին, որը չի առաջադրվելու, ես չեմ հասկանում` ինչի՞ համար, նպատակը ո՞րն է», - ասաց Գիմիշյանը:

Գիմիշյանը նաեւ ասաց, թե դեռեւս չի տեսնում այն անձին, որը ՀԱԿ-ում կարող է փոխարինել Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Դա առնվազն 1-2 տարվա խնդիր կլինի»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Տեր-Պետրոսյանին կարող է փոխարինել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Գիմիշյանն ասաց. - «Լեւոն Զուրաբյանը անկուսակցական մարդ է, նա ինչպե՞ս կարող է քաղաքական կառույցի ղեկավար լինել: Էլ չեմ ասում, որ Զուրաբյանը չի օգտվում այդքան լայն աջակցությունից... բացառում եմ ես դա»:

Գիմիշյանը ընդգծեց, որ ՀԱԿ առաջնորդի փոփոխությունը ենթադրում է նաեւ նրա ներկայացուցչի` այսինքն ՀԱԿ համակարգողի փոփոխություն: ՀԱԿ անդամն ասում է, թե խոսքը անձի մասին չէ, այլ ինստիտուտի, որի շուրջ նախկինում էլ եղել են դժգոհություններ, որ անկուսակցական մեկը համակարգում է Կոնգրեսը: Ինքը բազմիցս է բարձրացրել այդ հարցը, որ ՀԱԿ համակարգողի ինստիտուտը պետք է վերացվի եւ Կոնգրեսի նիստերն էլ պետք է ռոտացիոն կարգով կուսակցությունների ղեկավարները վարեն: Միեւնույն ժամանակ Գիմիշյանն ընդգծեց, թե այս հարցը առաջ եկավ նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի վերջերս ծավալած գործունեության արդյունքում, երբ նիստերը վարելու փոխարեն նա սկսեց «ապարատային խաղեր տանել, ինչ-որ պրոցեսների նպաստել կամ դեմ գնալ»:

ՀԱԿ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամի մասին երեկ խոսել էր նաեւ ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նույնպես ընդգծել էր, թե Կոնգրեսում պետք է փոփոխություններ կատարել` չհերքելով, որ փոփոխությունների մեջ դիտարկում են նաեւ ՀԱԿ համակարգողի պաշտոնից Լեւոն Զուրաբյանին հեռացնելու հարցը: Գիմիշյանն ասաց, թե ինքը նույնպես կողմ կլինի, որ համակարգողի ինստիտուտը ընդհանրապես վերացվի:

Մինչդեռ ՀԱԿ անդամ մեկ այլ ուժի` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական կառույցի ներսում ճգնաժամ չկա: Նրա խոսքով` ընդամենը վերադասավորվելու եւ աշխատանքները ավելի լավ կազմակերպելու խնդիր կա:

«Այդ ամենը դեռ քննարկման փուլում է, մենք նախ պետք է տեսնենք` որ ուժերի հետ մենք կարողանում ենք շարունակել համագործակցել եւ ինչ նպատակների շուրջ, որից հետո արդեն հստակություն կմտնի մեր գործողությունների մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ում հնչող այն տեսակետներին, որ պետք է ՀԱԿ համակարգողի պաշտոնից հեռացնել Լեւոն Զուրաբյանին, եւ ընդհանրապես այս ինստիտուտը վերացանել, ապա Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց, թե Զուրաբյանը ոչ մեկին չի խանգարում, ավելին` նա ՀԱԿ-ի քաղխորհրդում անգամ ձայնի իրավունք չունի:

«Մենք ինքներս ենք որոշում մեր անելիքները, Զուրաբյանը ընդամենը վարում է քաղխորհրդի նիստերը: Ես կարծում եմ` պետք չէ նման ծայրահեղությունների մեջ մտնել: Եթե խնդիր կա, եւ եթե հրաժարականի թեման բարձրացվել է կուսակցությունում, նա կարող է այդ մասին խոսել քաղխորհրդում: Եթե կգտնի համախոհներ, որոնք կցանկանան միանալ այդ առաջարկությանը, դա լուրջ քննարկման առաջակա կդառնա: Եթե Պետրոս Մակեյանը միայնակ կլինի իր կարծիքում, բնականաբար, այս հարցը քննարկումից դուրս կգա», - ասաց նա:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱԿ-ը ամենայն հավանականությամբ քաղխորհրդի նիստը կհրավիրի այս շաբաթ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG