Մատչելիության հղումներ

logo-print

Թեկնածուն հաշվարկել է, որ ընտրողների 35 տոկոսը Հայաստանում չէ


Նախագահի թեկնածու Արման Մելիքյան

Նախագահի թեկնածու Արման Մելիքյան

Նախագահի թեկնածու, ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հաշվարկներով, ընտրողների հրապարակված թվի առնվազն 35 տոկոսը Հայաստանում չէ:

Այսօր հրավիրած ասուլիսում Մելիքյանը հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված նամակը` առաջարկելով իր աջակցությունը, որպեսզի հրապարակվի Հայաստանից հեռացած, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացած, սակայն այստեղ չբնակվող քաղաքացիների թվաքականը:

«Արդեն իսկ գործարկված է ֆեյսբուքյան էջը եւ բլոգը, որտեղ Սփյուռքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հայտնել, որ իրենք ամսի 18-ին չեն լինելու Հայաստանում եւ ընտրություններին չեն մասնակցելու: Այս քայլերը ձեռնարկվում են այն նպատակով, որպեսզի պարզ լինի, թե իրականում Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի մարդ է մնացել: Եվ դրանից ելնելով մենք պետք է ճշտենք, թե որքանով են լինելու պաշտոնական տվյալները ճշմարտացի», - տեղեկացրեց նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանի հաշվարկներով, ընտրողների հրապարակված թվի առնվազն 35 տոկոսը Հայաստանում չէ, ուստի, ըստ նախագահի թեկնածուի, ընտրությունների իրավաչափությունը որոշվելու է մինչեւ քվեարկության օրը:

Տիգրան Մուկուչյանին ուղղված նամակը Մելիքյանը գնահատում է որպես համագործակցության առաջարկ. - «Այլեւս ոչ թե հասարակությունը պետք է փորձի ապացուցել իր արդարացիությունը, այլ իշխանությունները պետք է ապացուցեն, ընդ որում` համագործակցությամբ ապացուցեն իրենց պատրաստակամությունը հետեւելու օրենքի տառին»:

Այդուհանդերձ, թեկնածուն մտադիր չէ բողոքարկել քվեարկության ընթացքը կամ արդյունքները, քանի որ իր համար կարեւոր է միայն քաղաքացիների գնահատականը:

«Հասել ենք վերջնագծին, եւ հասարակությունը պետք է պաշտպանի իրեն», - հայտարարեց Արման Մելիքյանը:

Նախագահի թեկնածուն, ով նախորդ ընտրություններում չէր մոտեցել քվեների մեկ տոկոսի շեմին, համոզված է, որ այս անգամ ընտրվելու է` եթե ապահովվեն օրինական ընտրություններ անցկացնելու բոլոր պայմանները:

«Ես ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը, իմ իշխանությունը իմ եւ մնացած քաղաքացիների կողմից իսկապես լիազորված լինի իմ փոխարեն որոշումներ կայացնել: Եվ դա ինձ համար քաղաքացիական պարտք է եւ պարտականություն, արժանապատվությունս պահելու` այս պահին միակ հնարավոր տարբերակը», - հայտարարեց թեկնածուն:

Մելիքյանի համոզմամբ, առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ներկայացրել ընտրություններում հաղթելու իրական սցենար, մինչդեռ ինքն իր թիմի հետ ունի այդ սցենարը:

Նախընտրական ծրագիրը թեկնածուն կհրապարակի քարոզաշարվի մեկնարկին: Ֆինանսական միջոցներ չունի քարոզչության համար, իսկ ընտրագրավի հարցում համախոհներն են օգնել:

Մելիքյանն այսօր ասաց, որ չի միանալու նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կոչին` ընտրապայքարում միայնակ թողնել Սերժ Սարգսյանին, քանի որ դա նույնքան օգուտ կարող է տալ, որքան ինքնահրկիզումը. - «Կլիներ գուցե պայծառ տեսարան, բայց չէր լինի բացարձակ ոչ մի արդյունք, եւ միայն կխորանար մարդկանց հուսալքությունը»:

Թեկնածուն անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հայտարարությանը, թե փետրվարի 18-ին պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայաստանների միջեւ. - «Չկա' Սերժի Հայաստան, չկա' Րաֆֆիի Հայաստան, կա Հայաստան, որտեղ ընտրությունների միջոցով ժողովուրդը իշխանություն ձեւավորելու հնարավորությունից զրկված է: Եվ այս առումով թե' նախագահն է, ըստ էության, նշանակված, թե' խորհրդարանական ուժերն են, ըստ էության, գործարքով խորհրդարան մտել: Որովհետեւ չի եղել ընտրություն, որի արդյունքների հետ համաձայնենք: Անցյալ ընտրություններին ոչ ոք չգիտի, թե ես քանի ձայն են հավաքել` գուցե զրո: Ինձ համար նկարել էին ինչ-որ քանակություն»:
XS
SM
MD
LG