Մատչելիության հղումներ

Քոչարյանը մատնանշում է իր չառաջադրվելու պատճառները


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե երեք պատճառ կա, որոնք դրդում են իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց։

«Մեդիամաքս» լրատվական գործակալության այսօր հրապարակած հարցազրույցում Քոչարյանը, արձագանքելով հարցին, թե իր՝ նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ, որո՞նք էին այդ որոշման դրդապատճառները, ասել է․ - «Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ:

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ քննադատության է ենթարկել Հայաստանի ներկայիս իշխանություններին, նշելով, թե երկրից բնակչության արտահոսքը շարունակվում է, տնտեսությունը 2012-ի արդյունքում էլ չի հասնի նախաճգնաժամային մակարդակին, իսկ քաղաքական մրցակցությունն էլ «տիկնիկային» է դարձել։

Հիշեցնենք, որ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2008 թվականներին, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 120 հազար մարդ։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, մասնավորապես նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։

«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ․ անկախ Հայաստանի Հանրապետության ցանկացած տեսական թեկնածուներից, անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար, եւ այսօր էլ պայքարը գնալու է ոչ առաջին տեղի համար, եւ դա նախագահի եւ Հանրապետական կուսակցության մեղավորությունը չէ։ Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», - մեկնաբանեց ՀՀԿ խոսնակը։

«Ինչ-որ մի բառ՝ տեղին կամ անտեղին»


«Շատ պարզ կարծիք է, որը երկրորդ նախագահը ներկայացրել է հասարակությանը»,- իր հերթին` այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, - «Իսկ սուր քննադատություն չեմ տեսնում, որովհետեւ այն մոտեցումները կամ քննադատելի կողմերը, որը ներկայացնում է հարցազրույցում, դրա մասին մենք ամեն օր ենք խոսում եւ մեր ծրագրերը հենց այդ հիմքերով էլ առաջիկա տարիների համար կառուցված են»։

Անդրադառնալով քաղաքական դաշտում մրցակցությանը տրված «տիկնիկային» գնահատականին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց․ - «Մեծ ծավալի հարցազրույց է, կարող է ինչ-որ մի բառ տեղին կամ անտեղին արտահայտվի, ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, մանավանդ՝ քաղաքական միջավայրը այսօր այնպիսին չէ, որ այդպիսի գնահատականներ տանք երկրորդ նախագահի կարծիքներին»։

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե ինչ վերաբերում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի առաջդրվելուն-չառաջադրվելուն, ապա ինքը չի ցանկանում որեւէ կարծիք հայտնել եւ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է` առաջադրվե՞լ, թե՞ չառաջադրվել: Ինչ վերաբերում է Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ երկրորդ նախագահի գնահատականներին, Ուրիխանյանը նշեց․ - «Օբյեկտիվություն կա գնահատականների մեջ ստեղծված իրավիճակի առնչությամբ»։

Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ, հարցազրուցից ակնհայտ է դառնում, որ երկրորդ նախագահը տեսանելի ապագայում ակտիվ քաղաքականություն չի վերադառնա:

«Երեք պատճառներից ավելի հետաքրքիր է երրորդը, երբ որ նախագահն ասում է, թե քաղաքական կոմպրոմիսը վերածվել է մանրածախ առեւտրի, չի բացում փակագծերը եւ չի ասում ում եւ ինչ նկատի ունի։ Ինչ վերաբերում է ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականին՝ այստեղ հիմնականում իրատեսական գնահատականներ են», - նշեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի արձագանքին, ապա օրվա ընթացքում այնտեղից չմեկնաբանեցին Ռոբերտ Քոչարյանի խոսքերը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG