Մատչելիության հղումներ

Amnesty International. «Հարկավոր է Իսա Ղամբարի դեմ հարձակման անկախ հետաքննություն անցկացնել»


Իսա Ղարբարի ավտոմեքենան հարձակումից հետո: Լենքորան, 13-ը հունվարի, 2013թ.
Իսա Ղարբարի ավտոմեքենան հարձակումից հետո: Լենքորան, 13-ը հունվարի, 2013թ.
Միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, Ադրբեջանի իշխանություններից պահանջում է հետաքննել անցած կիրակի Լենքորանում տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի տասնյակ երիտասարդներ հարձակվել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի ավտոշարասյան վրա՝ խոչընդոտելով նրա մուտքը քաղաք։

Այդ հարձակման ընթացքում ընդդիմության շուրջ մեկ տասնյակ կողմնակիցներ վիրավորվել էին, «Մուսավաթ»-ի փոխնախագահին փորձել էին վրաերթի ենթարկել, իսկ ընդդիմության առաջնորդի մեքենային հարվածել էին «Կամազ» մակնիշի բեռնատարով։

«Անհրաժեշտ է նախագահի ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ կազմակերպված այս հարձակման մանրակրկիտ եւ անկախ հետաքննություն իրականացնել», - նշում են իրավապաշտպանները` հատուկ ընդգծելով. - «Դարանակալ այս հարձակման կազմակերպված բնույթը եւ ոստիկանության անգործությունը խիստ մտահոգիչ են եւ նույնպես պետք է լուրջ հետաքննության առարկա դառնան»։

Հիշեցնենք, որ հարձակումից բառացիորեն մի քանի օր առաջ «Մուսավաթ»-ի առաջնորդը հայտարարել էր, որ մասնակցելու է աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին։ Սա է պատճառը, որ Amnesty International-ը Լենքորանում կատարված հարձակումը դիտարկում է հենց Ադրբեջանում մեկնարկող նախընտրական զարգացումների համատեքստում։

«Ադրբեջանի եվրոպացի գործըկերները պետք է բացատրություն պահանջեն իշխանություններից, թե ինչպես հնարավոր դարձավ հարձակումը նախագահի ընդդիմադիր թեկնածուի դեմ», - ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Ջոն Դալհույսենը:

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները նաեւ նկատում են. - «Թեեւ Ադրբեջանի իշխանությունները վերջին ամիսներին ազատ արձակեցին քաղաքական կալանավորների մի մասին, երկրում, միեւնույն է, շարունակվում են այլախոհների ձերբակալությունները՝ վերջինների կողմից իրենց դժգոհությունը խաղաղ ճանապարհով արտահայտելու պատճառով։ Այդ ձերբակալությունները եւ դրանց զուգահեռ արձանագրվող ընդդիմադիր գործիչների դեմ հարձակումները ազատ եւ արդար նախագահական ընտրությունների առումով որեւէ լավ բան չեն խոստանում»:

Ինքը՝ Իսա Ղամբարը, երեկ Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում կատարվածի համար մեղադրել է իշխանություններին, լրագրողներին ցուցադրել է այն մեծ քարերից մեկը, որ նետել էին իր մեքենայի վրա՝ կոտրելով դիմապակին։

«Պատկերացրեք ի՞նչ կլիներ, եթե այս քարը դիպչեր մեքենայի ուղեւորներից որեւէ մեկին։ Ո՞վ էր պատասխան տալու դրա համար՝ Իլհամ Ալիե՞ւը, թե՞ նրա աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը», - ասել է Ղամբարը։

Վերջում հավելենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը խոստացել է հետաքննել ընդդիմության առաջնորդի դեմ իրականացված հարձակումը։ Հարձակման փաստով, սակայն, քրեական գործ չի հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG