Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կայցելի Հայաստան` անկախ Փանջիկիձեի հայտարարությունից


Վրաստան - «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին եւ խոսնակ Մայա Փանջիկիձեն 2012-ի փետրվարին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ

Վրաստան - «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին եւ խոսնակ Մայա Փանջիկիձեն 2012-ի փետրվարին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստանի չի հետաձգվի` կապված արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության շուրջ սկանդալի հետ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Իվանիշվիլին հունվարի 17-ին ժամանելու է Երեւան եւ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Նախօրեին Թբիլիսիում տեղեկություն էր տարածվել, որ Փանջիկիձեի` Լիտվայում արած հայտարարությունների պատճառով վարչապետի Երեւան այցը ձախողման եզրին է։

Ադրբեջանական մամուլի վկայությամբ` Վրաստանի արտգործնախարարը Վիլնյուսում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դիրքերից։ Դա կտրուկ հակազդեցություն է հարուցել Երեւանում։

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը, իր հերթին, մտադիր է Փանջիկիձեի այս հայտարարության պատճառով պահանջել նրա հրաժարականը` ընդգծելով, որ նախարարը պետք է պատասխան տա իր խոսքերի համար։

Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մեկնաբանել արտգործնախարարի հայտարարությունը, ասելով, թե այդ հարցի շուրջ մեկնաբանություն կանի ինքը Փանջիկիձեն` Վրաստան վերադառնալուց հետո։

Վրաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, դեռ անցած շաբաթավերջին հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հիշյալ տեղեկատվությունը` պարզաբանելով, որ Վիլնյուսում քննարկման ընթացքում նախարարը, պատասխանելով հարցին, նշել է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որեւէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ եւ որեւէ կերպ չի հիշատակել Ղարաբաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG