Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրի դիմաց այսօր բողոքի ցույց կազմակերպած ատամնաբույժները դժգոհ են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններից:

Այդ փոփոխությունները շոշափելի բարձրացումներ են ենթադրում յուրաքանչյուր ատամնաբուժական սեղանի, ատամնատեխնիկական սեղանի եւ ռենտգետ-բազկաթոռի արտոնավճարներում:

«32 տարվա փորձը ցույց է տվել, որ ամենաշատը կարող է շահութաբերությամբ աշխատել յուրաքանչյուր ատամնաբուժական կլինիկայի բազկաթոռը 10-15 հազար դրամ` ամսական շահույթը: Եվ մենք միշտ էլ այդպես մուծել ենք: Բայց հիմա, որ կտրուկ բարձրացրեցին մինչեւ 80 հազար դրամ, նման գումարը մուծելը դժվար կլինի շատերի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մասնավոր կլինիկաների բժիշկների ասոցիացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանը` հավելելով, որ ատամնատեխնիկական սեղաններն ու ռենտգեն-բազկաթոռները նախկինում չէին հարկվում:

Գրիգորյանն ասաց, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք ստիպված կլինեն բարձրացնել ծառայությունների գները կամ պակասեցնել բազկաթոռների քանակը:

Բողոքող ատամնաբույժների նամակը վերահասցեագրվել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, եւ վերջինս այսօր իսկ ընդունել է նրանց:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կան հարցեր, որոնք առաջիկա օրերին կփորձեն պարզել, սակայն օրենսդրական փոփոխությունների մասին այսօր դեռ չի խոսվել:

«Չի բացառվում, որ քննարկման արդյունքում լիազոր մարմինների հետ կորոշվի որոշակի փոփոխություններ կատարել: Բայց դա ավելի երկարատեւ պրոցես է: Այս փուլում օրենսդրական փոփոխությունների հարցը չենք քննարկել», - ասաց նա` հավելելով. - «Նախարարը հանձնարարեց մեկ-երկու օրվա ընթացքում վերլուծական պատրաստել` համապատասխան թվային հաշվարկներով, համապատասխան օրենսդրական մեխամիզմներով: Կձեւավորվի մի փաստաթուղթ, որը կքննարկվի ե'ւ ատամնաբույժների հետ, ե'ւ, անհրաժեշտության դեպքում, կառավարության եւ այդ լիազոր մարմինների հետ»:
XS
SM
MD
LG