Մատչելիության հղումներ

Կույր երիտասարդը Դիվանագիտական դպրոցի դեմ հայց կներկայացնի


Արտակ Բեգլարյանը չի ընդունվել Դիվանգիտական դպրոց, որովհետեւ չի տեսնում, փոխարենը նա կրթություն է ստանում աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում:

24 տարեկան Արտակ Բեգլարյանը չի տեսնում արդեն 18 տարի. կուրացել է 6 տարեկանում` Ստեփանակերտում ականի պայթյունից: Սովորել է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, ապա ընդունվել ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ավարտել, ապա սովորել է Հունաստանում, որից հետո էլ Լոնդոնի UCL-ում ստացել է մագիստրոսի կոչում:

Թեեւ չի տեսնում, բայց դիմել է Լոնդոնի լավագույն բուհերից մեկը, մեկնել Մեծ Բրիտանիա ու միայնակ ապրել ու սովորել, երբ անգամ մտերիմ ընկերներն էին ասում, որ չի կարողանա օտար քաղաքում ինքնուրույն ապրել:

«Լոնդոնում ես գրեթե ոչ ոքի նեղություն չեմ տվել, ինձ հետ ոչ ոք համալսարան չի գնացել, ես մոտ 1 կմ կտրել անցել եմ մենակ, հատել մի քանի փողոցներ: Ես կարծում եմ, որ քանի որ ես չտեսնող եմ, պետք է ավելի համարձակ լինեմ, որպեսզի կարողանամ նույն պայմաններում գտնվող տեսնողի արդյունքներին հասնել», - ասում է Արտակ Բեգլարյանը:

2011 թվականին մինչեւ Լոնդոն մեկնելը ԵՊՀ-ում ու Հունաստանում սովորելուց հետո Բեգլարյանը դիմել էր Երեւանում գտնվող արտգործնախարարության Դիվանագիտական դպրոց: Դպրոցը չի ընդունել նրա դիմումը:

«Ասացին, որ չեն կարող չտեսնողին ընդունել Դիվանագիտական դպրոց առանց որեւէ օրենքի հղում կատարելու: Միայն հետագայում, երբ ես հարցը հրապարակային դարձրեցի, փորձեցին հղում կատարել կոնկրետ օրենքների», - պատմում է երիտասարդը:

Բեգլարյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է արել՝ համարելով օրենքի խախտում այն, որ իր դիմումը չեն ընդունել: Գրառմանը արձագանքել են լրագրողներ, իսկ վերջիններիս պատասխանել է արտգործնախարարությունը՝ նշելով, որ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ Արտակի համար մյուս ուսանողների հետ հավասար պայմաններ ապահովելու համար:

Այս պատասխանը երիտասարդին զարմացրել էր, քանի որ հավասար պայմաններ նա չէր ակնկալել եւ կարող էր սովորել այնպես, ինչպես ԵՊՀ-ում էր սովորել:

2011-ին Բեգլարյանը դիմել էր դատարան արտգործնախարարության դեմ, անցել մի քանի ատյաններով: Դատարանը որոշել էր, որ նա պետք է հայց ներկայացնի ոչ թե արտգործնախարարության, այլ Դիվանգիտական դպրոցի դեմ:

«Ես նոր դատական շրջան կսկսեմ արդեն Դիվանագիտական դպրոցի դեմ, տեսնեմ՝ հիմա ինչ որոշում կկայացնեն», - ասում է նա:

Այժմ Բեգլարյանը աշխատում է Լեռնային Ղարաբաղի կառավարությունում` որպես ԼՂ վարչապետի օգնական, բայց նաեւ շարունակում է կրթությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցելուց հետո նա մեկնել է ԱՄՆ՝ Բոսթոնի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում սովորելու:

«Ուղղակի լավ կրթությունն ինձ համար շատ կարեւոր է», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG