Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է «պրոակտիվ լինի»


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, Եվրոպայում առկա տնտեսական խնդիրների ֆոնին շատ դժվար է լուրջ տնտեսական ու արդյունաբերական աճ ունենալ Հայաստանում:

Նշենք, որ ըստ Եվրահանձնաժողովի վերջին զեկույցի` այս տարի եվրոյի գոտու երկրներում տնտեսական աճը ակնկալվում է ընդամենը 0.1 տոկոսի սահմաններում` նախորդ տարվա 0.4-ի փոխարեն:

«Իհարկե, շատ դժվար է այս ռեցեսիոն ֆոնի վրա ունենալ լուրջ տնտեսական եւ արդյունաբերական աճ: Եվ այս նեգատիվ ֆոնը կոմպենսացնելու առումով մենք պետք է լինենք ավելի պրոակտիվ եւ փորձենք մեր ջանքերը ավելացնել, ռեսուրսները ավելացնել», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց Տիգրան Դավթյանը:

Միեւնույն ժամանակ, նախարարը հավելեց, թե 2012-ը Հայաստանի արդյունաբերությունը կփակի ավելի քան 10 տոկոսանոց աճով: Ողջ տնտեսության համար, հիշեցնենք, ակնկալվում է 7 տոկոսանոց աճ:

Տիգրան Դավթյանի փոխանցմամբ` 2013-ին Հայաստանի արդյունաբերության աճը կանխատեսվում է 9.2 տոկոս:

Արդյունաբերական աճը խթանելու համար, նախարարի խոսքով, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հատկացվել են պետական միջոցներ: 2012-ի նոյեմբերի 8-ի որոշմամբ Կառավարությունը «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» վերանվանել է «Արդյունաբերության զարգացման հիմնադրամի»` հատկացնելով 500 միլիոն դրամ (շուրջ 1 միլիոն 200 հազար դոլար):

«Հասկանալի է, որ 500 միլիոնը բավարար չէ արդյունաբերության խնդիրները լուծելուն, բայց սա նաեւ լավ ուղերձ է, որ պետությունը կարեւորում է ուղղությունը, եւ այս պահի դրությամբ սա են մեր հնարավորությունները: Բացի դրանից, առաջիկայում նախատեսվում է, բյուջետային հնարավորությունների մեծացման պարագայում, մի փոքր ավելացնել: Եվ ամենակարեւորը` մենք նաեւ փորձելու ենք, տեսնենք այս ռեսուրսները ինչքանով ենք արդյունավետ կառավարելու, եթե դա հաջողվի, ու կարծում եմ, կհաջողովի, մենք արդեն կհրավիրենք մասնավորին ու միազգային կառույցներին այս հիմնադրամի վրա միջոցներ ավելացնել»:

2008-ին սկսված միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով, հիշեցնենք, 2009 թվականին Հայաստանում գրանցվեց կտրուկ` ավելի քան 14 տոկոսանոց տնտեսական անկում:


«Այսօր լուրջ թվերի մասին խոսելը լուրջ չէ»

Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ, այն, որ այս տարի կարող է, մեղմ ասած, խնդրահարույց լինել Հայաստանի համար, իրականում, գիտակցում են նաեւ իշխանությունները…

Վահագն Խաչատրյան, արխիվային լուսանկար
Վահագն Խաչատրյան, արխիվային լուսանկար
«Ըստ էության, այդ ռիսկերը բյուջեում կա ամրագրված: Նաեւ տնտեսական աճի արդյունքում որեւէ սոցիալական ծրագիր չիրականացնելը դրանով է պայմանավորված: Բայց այսօր խոսել այսպիսի լուրջ թվերի մասին, մի քիչ լուրջ չէ`, որովհետեւ իսկապես այդ վտանգը կա: 2013-ը սկսվել է, արդեն պրոբլեմները ոտքի են կանգնում, երեւում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Խաչատրյանը նաեւ նշեց, որ այս տարին եւ 2014-ը ամենածանր են լինելու Հայաստանի համար` արտաքին պարտքը մարելու առումով:

Հայաստանի պետական պարտքը, հիշեցնենք, 2012-ի ընթացքում ավելացել է 252 միլիոն դոլարով եւ անցած տարվա վերջին կազմել 4 միլիարդ 374 միլիոն դոլար: Այս տարի արտաքին պարտքի սպասարկման համար պետբյուջեից նախատեսվում է ուղղել 418.6 միլիոն դոլար:
XS
SM
MD
LG