Մատչելիության հղումներ

«Հայաստանում բավականին շատ ֆիլմեր են նկարահանվում»


Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնը

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնը

Ազգային կինոկենտրոնի նախագահի խոսքերով` հայ կինոյի զարգացման միտումը համաշխարհային կինոյին ինտեգրվելն է։

«Արտաքուստ չի երեւում, բայց այսօր Հայաստանում բավականին շատ ֆիլմեր են նկարահանվում», - ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանը։

Նրա վկայությամբ` մեկ տարվա մեջ 15-ից ավելի լիամետրաժ ֆիլմ է նկարահանվում։

«Մի քիչ երեւի անիրական է թվում, ասածս, բայց, հավատացեք, այդպես է։ Այսօր պետական աջակցությամբ միայն 8-10 ֆիլմ է նկարահանվում, եւ շատ հեռուստաընկերություններ, առանձին կառույցներ ֆիլմեր են նկարահանում», - նշում է Գեւորգյանը` մանրամասնելով. - «Մինչեւ 15 գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, կարճամետրաժ, դոկումենտալը` բավականին շատ, անիմացիոն` բավականին շատ»։

Ազգային կինոկենտրոնի նախագահի փոխանցմամբ` «հիմա արդեն համատեղ արտադրություններ են սկսվում բավականին շատ». - «Հայաստանում գալիս են բավականին շատ ֆիլմեր անելու, հիմա մենք բավականին առաջարկներ ունենք համատեղ արտադրությունների»։

Գեւորգ Գեւորգյանի համոզմամբ` այս տարի ֆիլմերի քանակը ավելի կշատանա։

Ազգային կինոկենտրոնի նախագահը շեշտում է, որ 2012 թվականին այդպես էլ չկարողացան Ազգային ժողով բերել կինոյի մասին օրենքի նախագիծը, որը բազմաթիվ քննարկումներ է արդեն ունեցել տարիներ շարունակ։ Իսկ այդ օրենքը կինոգործիչների, կինոարտադրողների համար շատ լայն հնարավորություններ կբացեր, ասում է Գեւորգյանը` ընդգծելով, որ օրենքի նախագիծը անցած տարի քննարկման է ներկայացվել Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնին` համատեղ քննարկելու են, եւ արդեն 2013 թվականին հույս ունեն, որ կկարողանան ներկայացնել Ազգային ժողով։

Ինչ վերաբերում է հայ կինոյի զարգացման միտումներին, ապա, ըստ Ազգային կինոկենտրոնի նախագահի, միտումը համաշխարհային կինոյին ինտեգրվելն է։

«Եթե մի քանի տարի առաջ հայկական միայն բյուջեով էր ֆիլմեր նկարահանվում, այսօր բոլոր ֆիլմերը համատեղ են, այսինքն` հայկական թեմաները ներառվում են աշխարհի տարբեր երկրների հետ համագործակցության», - ընդգծեց Գեւորգ Գեւորգյանը։
XS
SM
MD
LG