Մատչելիության հղումներ

Պետրոս Մակեյան. «ՀԱԿ-ում ճգնաժամ է ստեղծվել»


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան, արխիվ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան, արխիվ

«Ժողովրդավարական հայրենիք»-ը ճգնաժամից դուրս գալու փաստաթուղթ է ընդունել, որոշել ընտրություններին մասնակցության ձեւաչափը։

Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) քաղաքական ճգնաժամ է ստեղծվել: Այս մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։

Նա հայտնեց, որ նախօրեին այդ հարցը քննարկել են կուսակցության քաղխորհրդի նիստում եւ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ ընդունել են աշխատանքային փաստաթուղթ: Մակեյանի փոխանցմամբ, սակայն, քաղխորհուրդը որոշել է դեռեւս այդ փաստաթուղթը չհրապարակել, մինչեւ որ այն չքննարկեն ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերի հետ։

Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լեւոն Զուրաբյանին։

Պետրոս Մակեյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց, որ ՀԱԿ-ը ճգնաժամից դուրս բերելու մասին իրենց աշխատանքային փաստաթղթում նաեւ Զուրաբյանի հեռացման հարցն են դրել:

«Մենք ներկայացրել ենք կոմպակտ փաստաթուղթ` ճգնաժամից դուրս գալու մասով, եւ անձերի մասով մեր մոտեցումները ես չեմ կարող հրապարակել», - ասաց նա եւ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Բայց կա՞ նման բան, Զուրաբյանի հետ կապված ինչ-որ բան կա՞», հավելեց. - «Ես չեմ կարող որեւէ բան պնդել։ Ես ոչ մի բան ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ում, ըստ Մակեյանի, ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց, երբ 2011-ի արաբական գարնան ընձեռած հնարավորությունից հետո ՀԱԿ-ը երկխոսության գնաց վարչախմբի հետ, ապա սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ: Այս երկու խոշոր սխալի արդյունքում, Մակեյանի խոսքով, ընդդիմադիր դաշինքը կանգնեց դատարկ տաշտակի առջեւ:

ՀԱԿ անդամի համոզմամբ` հենց այդ խոշոր սխալների արդյունքում ստեղծվեց այն իրավիճակը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեց չառաջադրվել: Ինչ վերաբերում է առաջին նախագահի` ընտրություններին չմասնակցելու բացատրությանը, թե 68 տարեկան է, ապա Մակեյանն ասում է` դա ընդամենը պատրվակ էր:

«Դա համոզիչ չէ, մարդը հո՞ միանգամից չի դառնում 68 տարեկան: Դա պատրվակ է, իմ կարծիքով», - ասաց Մակեյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր չցանկացավ անդրադառնալ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությանը եւ նրա ղեկավար Պետրոս Մակեյանի այսօր հնչեցրած հայտարարություններին:

«Ես չգիտեմ` ինչ է կատարվում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում, որովհետեւ մամուլում հնչում են իրարամերժ, հակասական հայտարարություններ այդ կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից: Երբ իրավիճակը հստակ լինի, այդ ժամանակ մենք ավելի հիմնավորված կարող ենք արձագանքել», - ասաց Զուրաբյանը:

«Ժողովրդավարական հայրենիք»-ը ՀԱԿ-ից դուրս գալու մտադրություն չունի: Ընդհակառակը, կուսակցությունը մնալով կառույցի ներսում, ցանկանում է այն դուրս բերել ճգնաժամից: Եվ չնայած Կոնգրեսը փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին չի մասնակցելու, սակայն այս կուսակցությունը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին: Մակեյանի փոխանցմամբ` առաջին անգամ երկրում այնպիսի մի քաղաքական իրավիճակ է ստեղծվել, երբ չկա ընդդիմադիր ուժային կենտրոն, բայց նույնիսկ նման իրավիճակից ելքեր կարելի է գտնել: Այդ նպատակով կուսակցության քաղխորհուրդը կիրակի օրը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին:

Մասնավորապես, «Ժողովրդավարական հայրենիք»-ը դիմել է առաջադրված թեկնածուներից երեքին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին, առաջարկելով, որպեսզի ընտրապայքարում մնա նրանցից միայն մեկը, որի շուրջ էլ կհամախմբվի ընդդիմադիր դաշտը։

«Այս երեք թեկնածուները եթե իրավիճակը ճշգրիտ գնահատեն ու հանդես գան միասնական ծրագրով ու թիմով, եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը, այդ դեպքում մեր կուսակցությունը ակտիվ կմտնի քաղաքական գործընթացի մեջ», - հայտարարեց Մակեյանը։

«Այսինքն, դուք ճիշտ եք համարում, որպեսզի այս երեք թեկնածուներից մեկը միայն մնա, միեւնույն է` դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, թե Պարույր Հայրիկյանը», - այս դիտարկմանն էլ «Ժողովրդավարական հայրենիք»-ի ղեկավարը արձագանքեց. - «Իհարկե, մեզ համար անձերը նշանակություն ունեն նախընտրելի, բայց այս պահի դրությամբ անձը էական չէ»։
XS
SM
MD
LG