Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 12-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Արդեն ավանդույթ է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են Հայաստանի հասարակությանը քիչ հայտնի կամ էլ ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեցող անձինք։ Բայց 2013-ի ընտրություններն այս առումով կարծես ռեկորդային են։ Իհարկե, զուտ իրավական տեսակետից ցանկացած մեկն, ով համապատասխանում է նախագահի թեկնածուի մասին օրենսդրական պահանջներին, կարող է առաջադրվել։ Իհարկե, լավ է նաեւ, որ քաղաքական դաշտում ի հայտ գան նոր դեմքեր եւ նոր ուժեր։ Բայց այսքանը միայն տեսական ճշմարտություններ են։ Գործնականում նախագահական ընտրությունները, գուցե որոշ բացառություններով, այն միջավայրը չեն, ուր որեւէ մեկը կարող է առաջին քայլերն անել որպես հասարակական գործիչ։ Հակառակը՝ դրանք պետք է լինեն անհատի հասարակական գործունեության գագաթնակետը, հասանելի միայն սահմանափակ թվով անձանց։ Նորմալ է, երբ ընտրություններին մասնակցում են մեկ-երկու նոր, էկզոտիկ դեմք։ Բայց երբ դրանք մեծամասնություն են, դա ոչ մի լավ բան չի ասում հասարակական վերնախավի հասունության աստիճանի մասին»։

«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը գրում է․ - «Եվ այսպես. հաջորդ շաբաթվանից սկսվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ես, ճիշտն ասած, այնքան էլ չեմ սիրում այդ քարոզարշավները։ Ես հիմարություններ ընդհանրապես չեմ սիրում։ Բայց այնուամենայնիվ ինչի՞ մասին կարող են խոսել թեկնածուները քարոզարշավի ընթացքում: Միամտություն կլինի, իհարկե, նրանց խորհուրդ տալը, քանզի, միեւնույն է, կանեն մտքին դրածը։ Իսկ ի՞նչ կլսենք մենք թեկնածուներից։ Հարցն այս մանր է, բայց հետաքրքրաշարժ։ Բնականաբար քարոզարշավի ընթացքում թեկնածուների ուշադրության կենտրոնում պիտի լինեն սոցիալական խնդիրները, մասնավորապես Հայաստանում բազմաթիվ ապրանքների եւ ծառայությունների չհիմնավորված բարձր գները։ Ինչո՞ւ են մեզանում գները սահմանվում կամայականորեն եւ մշտապես բարձրանում, անկախ համաշխարհային միտումներից։ Ըստ որում՝ սննդամթերքի եւ դեղորայքի գները»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք․ - «Նախագահի թեկնածուներից մեկը երեկ բոլոր թեկնածուներին կոչ է արել միասնաբար դուրս գալ Հանրապետականի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից։ Թեկնածուներից մի երկուսն էլ մոտավորապես պատասխանել են, թե՝ դու ո՞վ դառար, որ մեզ հրահանգներ տաս։ Առաջարկը սխալ է հիմնավորված։ Չի կարելի որպես բոյկոտի հիմնավորում նշել այն հանգամանքը, որ ընտրությունները կանխորոշված են։ Եթե այդպես լիներ, իսպանական բոլոր թիմերը կբոյկոտեին «Բարսելոնայի» հետ խաղը։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Սերժ Սարգսյանը «Բարսելոնան» չէ եւ ընտրությունների արդյունքները կանխորոշված են ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը ամենաուժեղ թեկնածուն է, այլ որովհետեւ նա օգտագործելու է ընտրակեղծիքների հնարավոր բոլոր ձեւերը։ Եթե ընտրությունները արդար լինեն, Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում, ինչ-որ տեղ էպոսագետի եւ Արամ Հարությունյանի միջեւ»։

«Ժամանակ» պարբերականը նշում է․ - «Չնայած Հայաստանում ավելի ու ավելի շատ է տարածվում այն միտքը, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, ԵԱՀԿ-ն պատրաստվում է բավական մեծ դիտորդական առաքելությամբ հետեւել Հայաստանում նախագահական ընտրությանը: ԵԱՀԿ-ն կամ, ավելի ճիշտ, Արեւմուտքը, ըստ էության, ցույց է տալիս երկու բան. նախ` ընտրություններին շռնդալից կերպով չմասնակցող ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ԵԱՀԿ-ի համար ամենեւին ամբողջ Հայաստանը չեն, եւ միայն նրանց չմասնակցությամբ Եվրոպան չի պատրաստվում փոխել իր ծրագրերը: Այսինքն`Արեւմուտքը 280 դիտորդ գործուղելով Հայաստան` ըստ էության իր վերաբերմունքն է հայտնում «միասնական եռյակի» կամ «ռուսական գծի» հետեւորդ ուժերի հանդեպ` ցույց տալով, որ ամենեւին չի կարեւորում նրանց մասնակցել-չմասնակցելն ու իր ծրագրերի տեսանկյունից այդ ուժերին չի դիտարկում որպես վճռորոշ ուժեր: Հաջորդ մեսիջը, թերեւս, ուղղված է հասարակությանը: Արեւմուտքը փաստացի ակնարկում է, որ ամենեւին պետք չէ տրվել ապատիկ տրամադրություններին եւ հուսահատություններին եւ պետք չէ համարել, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, ու անիմաստ է այլեւս միտք շարժել իրավիճակի կապակցությամբ»։

«168 ժամ»-ը զրուցել է Սյունիքի հանրապետական մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Հարց․ - « ՀՀԿ 13-րդ համագումարին Ս. Սարգսյանը հանդես եկավ ամփոփիչ զեկույցով: Սերժ Սարգսյանն այդ ելույթում խոսել է նաև կաշառակերության մասին, նշել է, որ տգետներից պետք է ազատվել: Դուք տեսնո՞ւմ եք տգետներ Ձեր կուսակցության շարքում»: Պատասխան․ - «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն… երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը: Դա, ինքնըստինքյան, տգիտություն է: Երբ որ Հանրապետական կուսակցության տոմս է վերցրել, դիմում է գրել ընդունվել, և այդ մարդը նպատակային է վերցրել այդ տոմսը, և խնդիր է ունեցել Հանրապետական դառնա, որպեսզի ինչ-որ բանի հասնի, և երբ որ չի հասնում, նա արդեն դավաճանում է: Նա դառնում է դավաճան, չէ՞: Սերժ Սարգսյանի խոսքը հիմնականում նաև դրանց էր վերաբերում»։ Հարց․ - «Այսինքն` դավաճաններ կա՞ն ՀՀԿ շարքերում»։ Պատասխան․ - «Դե ո՞նց կարող է չլինեն»։ Հարց․ - «Ովքե՞ր են: Անուններ կնշե՞ք»։ Պատասխան․ - «Հիմա որ իմանային` կուսակցությունից կհեռացնեին: Եթե կոնկրետ իմանամ` անունները կտամ, հավատացե՛ք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG