Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Խոսքի ազատությունը Հայաստանում էապես ամրապնդվել է»


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Կառավարության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր եւ հետաքրքիր աշխատանք:

«Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների», - իր խոսքում, մասնավորապես, ասել է Տիգրան Սարգսյանը, - «Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միեւնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը»:

Նշելով, որ Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում լրագրողների վերլուծական նյութերը, իսկ բարձրացված խնդիրները հաճախ դառնում են Կառավարության քննարկման առարկա եւ ստանում լուծումներ, վարչապետը խոստացել է, որ «ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին»:

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով եւ վարչապետի շնորհակալագրով են պարգեւատրվել ԶՄՆ-ների մի շարք ներկայացուցիչներ:

Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի եւ հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի առթիվ, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի ու ստեղծագործական նվաճումների համար Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG