Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը «լավ» ընտրություններ է ակնկալում


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին

«Մեզ հետաքրքրում է գործընթացը, ոչ թե ընտրությունների արդյունքը», - ասում է դիտորդական առաքելության ղեկավարը։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հույս ունի, որ Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները բարեհաջող ընթացք կունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե անցած տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հույս ներշնչո՞ւմ է, որ առաջիկա նախագահական ընտրություններն ավելի լավը կլինեն։

«Ընտրական գործընթացները դիտարկելիս մենք անշուշտ միշտ հույս ունենք, որ այդ ընտրությունները գերազանցելու են մեր սպասելիքները եւ լավագույնն են լինելու, բայց ընտրությունները միմյանց հետ չենք համեմատում: Հուսով ենք, որ մեր առաքելության հետ արդյունավետ համագործակցություն կծավալվի եւ նախագահական ընտրությունները լավ կընթանան», - ասաց դիտորդական առաքելության ղեկավարը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր եզրափակիչ զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք հանձնարարականներ եւ առաջարկություններ էր ներկայացրել Հայաստանի իշխանություններին, մասնավորապես հորդորելով ընտրակաշառքների դեմ պայքարելու համար բարեփոխել Քրեական օրենսգիրքը, երաշխիքներ ստեղծել, որպեսզի ընտրություններին առնչվող հանցագործություններ կատարած բոլոր անձինք կանգնեն արդարադատության առջեւ, շարունակել ընտրողների ռեգիստրը բարեփոխելուն ուղղված աշխատանքները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախագահական ընտրություններին ընդառաջ որքանով են այդ հանձնարարականները կատարվել, Հայդի Թալիավինին պատասխանեց. - «Մենք տեղեկացված ենք, որ Հայաստանի իշխանությունները ձեւավորել են աշխատանքային խումբ, որը կոչված է ջանքեր գործադրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկներն ի կատար ածելու ուղղությամբ: Բայց մեր գրասենյակն այն կարծիքին է եղել, որ այդ աշխատանքները չպետք է ավարտվեին փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ընդառաջ եu Հայաստանի իշխանությունները գիտեին այդ մասին: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պատրաստակամություն էր հայտնել նախագահական ընտրություններից հետո էլ շարունակել սերտ համագործակցությունը իր զեկույցում տեղ գտած հանձնարարականների եւ առաջարկների իրականացման ուղղությամբ` այդ գործընթացում, անշուշտ, ներգրավելով պատկան մարմիններին, շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջիկա նախագահական ընտրությունների մշտադիտարկումն իրականացնելու է 24 երկարաժամկետ դիտորդների եւ 250 կարճաժամկետ դիտորդների օգնությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով:

Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ դիտարկումների արդյունքները ներկայացնելու են երկու միջանկյալ զեկույցներում, իսկ ընտրություններից հետո շուրջ 8 շաբաթ անց հանդես են գալու վերջնական եզրակացությամբ:

Լրագրողներից մեկը փորձեց ճշտել դիտորդական առաքելության ղեկավարի կարծիքը այն հարցի շուրջ, թե խորհրդարանական 3-4 քաղաքական ուժերի, այդ թվում մեծությամբ երկրորդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրաժարվելը նախագահական ընտրություններին մասնակցությունից արդյոք չի խոչընդոտի մրցակցային ընտրությունների անցկացմանը։ Հայդի Թալիավինին պատասխանեց, որ դիտորդական առաքելությունը առաջիկայում հանդիպումներ է նախատեսում քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում մասնակցությունից հրաժարված կուսակցությունների հետ, որից հետո միայն կկարողանան պատշաճ կերպով գնահատել իրավիճակը եւ գնահատականները կընդգրկեն իրենց զեկույցներում։

«Մեզ համար կարեւոր է, որ գործընթացը ընթանա միջազգային չափանիշներին, ԵԱՀԿ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան: Մենք դիտարկում ենք փաստերը եւ միայն փաստերը: Մեզ հետաքրքրում է գործընթացը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքը»,- հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավարը:

Արձագանքելով այն հարցին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդյոք միջազգային նորմերի խախտում չի համարում դեռ ընտրական գործընթացներից առաջ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած այն հայտարարությունները, թե նախագահ Սերժ Սարգսյանն է այս ընտրությունների ֆավորիտն ու հաղթողը, իսկ մյուս թեկնածուները պայքարում են երկրորդ տեղի համար, Հայդի Թալիավինին շեշտեց, որ իրենց համար կարեւորը ողջ ընտրական գործընթացն է եւ ոչ թե առանձին հայտարարությունները։

«Մեր եզրակացությունները պետք է հիմնվեն ողջ գործընթացի վրա` որն է նախընտրական իրավիճակը, քվեարկությունը, հետընտրական զարգացումները »,- ասաց նա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ 24 դիտորդները կժամանեն առաջիկա օրերին, իսկ կարճաժամկետ 250 դիտորդները ընտրությունների նախօրեին:

Առաքելության ղեկավար կազմն արդեն հանդիպել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի արտգործնախարարի եւ փոխարտգործնախարարի հետ: Բացի պաշտոնական եւ քաղաքական ուժերի հետ հանդիպումներից, դիտորդները կհանդիպեն նաեւ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Լրատվամիջոցներով նախընտրական քարոզչության լուսաբանման դիտարկումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը համարում է իրենց աշխատանքի «կարեւոր եւ անքակտելի մասը»:

Հայդի Թալիավինին հարկ համարեց ընգծել, որ առաքելությունը Հայաստան է ժամանել «դիտարկելու, այլ ոչ թե քննադատելու կամ ինչ-որ բան պարտադրելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG