Մատչելիության հղումներ

Օքրուաշվիլին՝ ազատության մեջ


Իրակլի Օքրուաշվիլին դատարանի դահլիճում:

Իրակլի Օքրուաշվիլին դատարանի դահլիճում:

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր որոշել է ազատ արձակել Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիին՝ 15 հազար դոլար գրավի դիմաց։

Գրավի դիմաց նախկին նախարարին ազատ արձակելու նախաձեռնությամբ դատարանում հանդես էր եկել Գլխավոր դատախազությունը։ Վրացական դատարանը քննում է 2004-2006 թվականներին՝ Օքրուաշվիլիի՝ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու ընթացքում անորակ զինամթերք գնելու փաստով հարուցված քրեական գործը։

Վճիռը կայացրած դատավորի պնդմամբ Օքրուաշվիլին, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի դատաքննության բնականոն ընթացքին։ Մասնավորապես, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Օքրուաշվիլին Վրաստան էր վերադարձել կամավոր կերպով՝ մոտ 6 տարի արտերկրում անցկացնելուց հետո, իսկ գործով անցնող վկաների մեծ մասի հարցաքննությունը արդեն իսկ ավարտվել է, եւ Օքրուաշվիլին, ազատության մեջ գտնվելով, չի կարող ազդել նրանց վրա։

«Ես համոզված էի, որ նման վճիռ կկայացվի», - հայտարարել է Օքրուաշվիլին՝ լքելով դատարանի դահլիճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG