Մատչելիության հղումներ

Չեխիայում պատմական ընտրություններ են անցկացվում


Չեխիա – Պրոֆեսոր Վլադիմիր Ֆրանզը նախագահի երկու այլ թեկնածուների՝ Միլոշ Զեմանի (ձախից) եւ Ժիրի Դինստբիրի միջեւ նախագահի բոլոր թեկնածուների միջեւ անցկացված բանավեճի ժամանակ, 9-ը հունվարի, 2013թ․

Չեխիա – Պրոֆեսոր Վլադիմիր Ֆրանզը նախագահի երկու այլ թեկնածուների՝ Միլոշ Զեմանի (ձախից) եւ Ժիրի Դինստբիրի միջեւ նախագահի բոլոր թեկնածուների միջեւ անցկացված բանավեճի ժամանակ, 9-ը հունվարի, 2013թ․

Չեխիայում այսօր եւ վաղը նախագահական ընտրություններ են անցկացվում, որոնք աննախադեպ են երկրի նորագույն պատմության մեջ. առաջին անգամ նախագահին ընտրում են ոչ թե խորհրդարանում, այլ ուղիղ, համապետական քվեարկությամբ:

Արդեն իսկ պատմական որակված ընտրություններում առաջադրվել է ինը թեկնածու։ Հարցումները փաստում են, որ նրանցից որեւէ մեկը ակնհայտ առավելություն չունի մյուսների նկատմամբ եւ ամենայն հավանականությամբ, ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլում: Այդուամենայնիվ, մրցապայքարում առանձնանում են երեք թեկնածուներ. երկուսը նախկինում զբաղեցրել են Չեխիայի վարչապետի աթոռը, երրորդը` կոմպոզիտոր, նկարիչ Վլադիմիր Ֆրանցն է, որին հայրենիքում «ավատար» կամ «ֆանտոմաս» են կոչում: Հարցումների համաձայն, վերջինիս օգտին պատրաստ է քվեարկել չեխերի տասը տոկոսից ավելին:



Վլադիմիր Ֆրանց

Վլադիմիր Ֆրանց

Մասնագիտությամբ իրավաբան, սակայն որպես կոմպոզիտոր հայտնի Ֆրանցի մարմինը ծայրեծայր ներկված է կապույտ, կանաչ եւ կարմիր գույներով: Ոտքի ծայրից մինչեւ ականջները դաջվածքներով պատված` Ֆրանցն իրեն համարում է «այլընտրանքային» թեկնածու մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասը հոգնել է «կոռումպացված ու անարդյունավետ գործիչներից»:

Չեխական «Ավատարը» քաղաքական ճանապարհ չի անցել, խոստովանում է, որ տնտեսությունից շատ քիչ բան է հասկանում, սակայն համաձայնել է պայքարի մեջ մտնել, երբ մի խումբ աջակիցներ 88 հազար ստորագրություն են հավաքել նրա առաջադրման օգտին:

Քաղաքական որեւէ կուսակցության հետ առնչություն չունեցող արվեստագետը քարոզարշավի ժամանակ հիմնականում կենտրոնանում էր կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանության վրա:

«Այս քաղաքական համակարգն այնքան զմայլված է իրենով, որ կորցրել է ինքն իրեն գնահատելու կարողությունը, մինչդեռ շարքային չեխերը վաղուց արդեն զզվել են այս աղբից»,֊ ասել է թեկնածուն «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ֆրանցը աջակցություն է վայելում հատկապես երիտասարդ չեխերի, այդ թվում` ընտրելու իրավունք չունեցող դպրոցականների շրջանում: Արտառոց արտաքինից բացի, թերեւս, վերջիններին գրավում է նաեւ թեկնածուի խոստումը` ընտրվելու դեպքում մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու վերաբերյալ:

Ընտրության առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան հունվարի 12֊ին: Ինչպիսին էլ դրանք լինեն, ակնհայտ է մեկ բան. Չեխիայում ավարտվում է Եվրոպական ընտանիքի միասնությունն ու հաջողոթյունը կասկածի տակ առնող ամենաազդեցիկ գործիչներից մեկի` երկիրը տասը տարի ղեկավարած Վացլավ Կլաուսի ժամանակաշրջանը, ով երբեք առիթը բաց չէր թողնում Եվրամիությանը քննադատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG