Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված նախաձեռնությունը «անարդյունավետ» է


Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական կայքէջում հունվարի 6-ից տեղադրված պահանջը՝ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համարում է անարդյունավետ նախաձեռնություն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե սիրիահայությանն աջակցելուն ուղղված այդ նախաձեռնությունը, եթե անգամ արդյունք տա, ապա դա չի լուծի սիրիահայության ամենակարեւոր խնդիրը. - «Եթե նույնիսկ ցանկություն ունի այսօր դուրս գալ մեքենայով, իր համար ավելի վտանգավորը եւ մտահոգիչը մինչեւ Թուրքիայի սահման հասնելն է, ոչ թե Թուրքիա մտնելուց հետո Հայաստան որտեղից կմտնի»:

Հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոննիսյանը Սպիտակ տան կայքէջում ստորագրահավաք է նախաձեռնել՝ Օբամային հորդորելով դիմել Թուրքիայի կառավարությանը հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանների սիրիահայերի համար բացելու պահանջով:

Մանոյանը նաեւ կարծում է, որ եթե անգամ Թուրքիան բացի սահմանը, ապա այդ ճանապարհով Հայաստան քիչ թվով սիրիահայեր կգան, քանի որ իրականում էական տարբերություն չկա, թե ցամաքային որ ուղիով նրանք կհասնեն Հայաստան՝ անցնելով Վրաստանո՞վ, թե՞ Թուրքիայից անմիջապես մուտք գործելով Հայաստան: Նրա համոզմամբ` սիրիահայության կարեւոր խնդիրը Սիրիայում ստեղծված իրավիճակին դիմակայալն է, ինչին ուղղված գործողություններ նախաձեռնությունում չկան:

Իոննիսյանը, մինչդեռ, այդպես չի մտածում: Նա, ինչպես նաեւ տասն օր առաջ ցամաքային ճանապարհով ընտանիքով Հայաստան տեղափոխված Նիկողոս Քոլաջյանն այն կարծիքին են, որ սիրիահայերի մեծ մասն այլեւս չեն կարող մնալ Սիրիայում: Եթե Թուրքիան բացի սահմանը, ապա առանց Վրաստան մուտք գործելու՝ Հալեպից Երեւան կհասնեն ոչ թե երկու օրում, այլ տասը ժամում:

Դանիել Իոննիսյանն ու Նիկողոս Քոլաջյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Դանիել Իոննիսյանն ու Նիկողոս Քոլաջյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նիկողոսը պատմում է, թե այլեւս Հալեպում մնալը հնարավոր չէ ու հայ-թուրքական սահմանով Հայաստան տեղափոխվելն ավելի կդյուրացնի սիրիահայերի տեղափոխումը: 48-ամյա հալեպահայն ասում է, որ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստան տեղափոխվելը շահեկան է շատ սիրիահայերի համար:

Իոննիսյանն ասում է, թե նամակներ է հղելու Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին:

Այդուհանդերձ, ինչպես Իոննիսյանը, այնպես էլ թուրքագետ Արտակ Շաքարյանը մեծ հույսեր չեն կապում Թուրքիայի հետ: Իոննիսյանն ասում է, թե եթե Թուրքիան չանսա իրենց կոչին, ապա եւս մեկ անգամ ցույց կտա իր իրական դեմքը. - «Կարեւորը նա է, որ այդ հարցը բարձրացվում է, որ կա'մ Թուրքիան կբացի սահմանը, կա'մ, եթե չբացի, գոնե շատերը կտեսնեն` նույն եվրոպական երկրները, որ իրենց երկրի հակաօդային ամբողջ հզորությունները Թուրքիայի պաշտպանելու համար են տալիս: Գոնե այդ երկրները կտեսնեն, որ Թուրքիան այն հրեշտակը չէ, որին պետք է պաշտպանել»:

Թուրքագետ Շաքարյանն էլ նկատում է, որ եթե Թուրքիան բացի սահմանն առանց նախապայմանների, ապա դա ձեռնտու կլինի երկու կողմերին:

Շաքարյանը նաեւ մի շարք խնդիրներ է բարձրացնում՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ կլինի ընդունել մեծ թվով մարդկանց, անգամ արաբների. – «Շատ քիչ հավանական է, բայց եթե Թուրքիան բացի սահմանը, արդյո՞ք ինքը նաեւ չի օգտագործի սահմանը բացելը Հայաստան ապակայունացնող տարրեր մտցնելու համար` մեր եղբայր սիրիահայերի հետ զուգահեռ»:

Սպիտակ տան ղեկավարի քննությանն արժանանալու համար այս կոչին մինչեւ փետրվարի 4-ը պետք է միանա առնվազն 25 հազար մարդ: Առայժմ նախաձեռնությունը ստորագրել են շուրջ 500-ը:
XS
SM
MD
LG