Մատչելիության հղումներ

Հայաստանը աննշան բարելավում է արձանագրել «Տնտեսության ազատության ինդեքս» զեկույցում


Վարչապետը այցելում է Ամասիայում բացված տեքստիլ գործարան, արխիվ
Վարչապետը այցելում է Ամասիայում բացված տեքստիլ գործարան, արխիվ
The Heritage Foundation-ը եւ Wall Street Journal պարբերականը հրապարակել են «Տնտեսության ազատության ինդեքս 2013» հերթական համատեղ զեկույցը, որում Հայաստանը (անցած տարվա համեմատ աննշան բարելավումով` 0.6 կետ), դիտարկված 177 երկրների շարքում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը:

Հայաստանը տեղ է գտել «չափավոր ազատ» որակված երկրների խմբում: Այս ցուցանիշը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում: Համեմատության համար նշենք, որ «հիմնականում անազատ» գնահատված Ռուսաստանը տնտեսական ազատությունը բնութագրող հիշյալ սանդղակում 139-րդն է, Ուկրաինան 161-րդը: Տարածաշրջանային համատեքստում պատկերը հետեւյալն է` հարեւան Վրաստանը, ներառվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների խմբում, սանդղակում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 88-րդ տեղում է եւ համարվում է «հիմնականում անազատ» երկիր: Սանդղակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար Հոնգ Կոնգը, Սինգապուրը եւ Ավստրալիան: Եզրափակող եռյակում են Զիմբաբվեն, Կուբան եւ Հյուսիսային Կորեան:

Զեկույցում դիտարկված երկրների տնտեսական ազատության ինդեքսը որոշվում է մի շարք չափանիշների համադրմամբ, որոնց թվում են ձեռներեցության, ֆինանսական հատվածի, աշխատաշուկայի, դրամավարկային քաղաքականության ազատությունները, վարչարարության մակարդակը, սեփականության իրավունքի երաշխավորվածությունը, բյուրոկրատական համակարգի ուռճացվածության եւ կոռուպցիայից պաշտպանվածության աստիճանը եւ այլն: Սանդղակում ներառված երկրները ներկայացված են հինգ խմբերում` «ազատ», «հիմնականում ազատ», «չափավոր ազատ», «հիմնականում անազատ» եւ «կաշկանդված» տնտեսություններ ունեցողների խմբեր:

Այս տարվա զեկույցում Հայաստանի` 0.6 կետով արձանագրած առաջընթացը, ըստ զեկույցի հեղինակների, հիմնականում արտացոլում է պետական ծախսերի լավ կառավարումը: Դրանով հանդերձ, զեկույցը նաեւ փաստում է, որ դատական համակարգի եւ կառավարության գործունեության թափանցիկության հետ խնդիրներ կան: Ըստ այդմ, նաեւ նշվում է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթացին, մտահոգություններ կան քաղաքական եւ բիզնես շրջանակների սերտ կապերի առնչությամբ:

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է այս զեկույցին: Նշելով, թե անցած տարի կառավարությունն ունեցել է լուրջ հաջողություններ` վարչապետը հորդորել է լավատեսությամբ նայել ապագային, քանի որ դրա համառ առկա են լուրջ հիմքեր:

«Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել The Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսի արդյունքները։ Այս բնագավառում եւս մենք առաջընթաց ենք արձանագրել: Սա նույնպես կարեւորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում եւ, բնականաբար, այս ինդեքսի անունը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն», - ասել է վարչապետը։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի կիսում վարչապետի լավատեսությունը: Ըստ նրա, այս զեկույցը, ինչպես եւ ավելի վաղ հրապարակված Doing Business զեկույցը, որում Հայաստանը նույնպես որոշակի առաջընթաց էր գրանցել, ավելի շատ արտացոլում է իրականության ձեւական, տեխնիկական կողմը, քան բնութագրում է տնտեսության իրական վիճակը: Տեխնիկական բարելավումներ, ասենք, օրենսդրության, բյուրոկրատական գործընթացների պարզեցման եւ մի շարք այլ առումներով, Խաչատրյանի խոսքով, իսկապես եղել են, սակայն բուն տնտեսության վրա բովանդակային իմաստով դրանք ազդեցություն չեն գործել: Վարչապետի դիտարկմանը, թե սա լավ նախադրյալ կարող է լինել հետագա ներդրումների համար, Խաչատրյանը հակադարձում է. - «Նույն Doing Business-ով Հայաստանը մեծ առաջընթաց էր անցյալ տարի արձանագրել, բայց անցյալ տարվա ընթացքում առաջին եռամսյակի տվյալներով` ներդրումները 34 տոկոս կրճատվել են, իսկ ուղղակի ներդրումները` 54 տոկոսով: Չգիտեմ, թե այս լավատեսությունը ինչի՞ հիման վրա է»:

Խաչատրյանը նկատել է տալիս, որ վարչապետը իր դրական գնահատականը ներկայացնելիս, չի անդրադառնում այդ նույն զեկույցում տեղ գտած բացասական արձանագրումներին: Իսկ դրանք, ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, վերաբերում են շատ առանցքային հարցերի, որոնցով էլ, ըստ էության, պայմանավորվում են մնացյալ բոլոր` իրական ցուցանիշները:

«Վարչապետը որքան էլ որ փորձի սա ներկայացնել որպես հաջողություն, ամենակարեւոր բաժնին չի անդրադառնում: Այնտեղ կա մի գլուխ, որը վերաբերում է հիմնականում դատական համակարգի աշխատանքից եւ կոռուպցիային: Վերջին ութ տարվա ընթացքում խնդիրը միշտ մնացել է, այստեղ Հայաստանը առաջընթաց չունի եւ ընդհակառակը` հետընթաց կա: Եթե չկա ազատ դատական համակարգ եւ կա կոռուպցիա, այդ տնտեսական ազատության արդյունքը մենք չենք զգա», - շեշտում է Խաչատրյանը:
XS
SM
MD
LG