Մատչելիության հղումներ

Երեւանում է իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Պիետրոդարկին


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի (ձ) եւ Սերգեյ Սմբատյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի (ձ) եւ Սերգեյ Սմբատյան

Հայաստանում է իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Հունվարի 14-ին հայտնի երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասում է` սա կլինի նվագախմբի 2013 թվականի առաջին համերգը:

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում եւ որոշել եմ տարին մեկ անգամ այցելել այն: Այստեղ` Երեւանում, ստացել եմ նաեւ այլ համերգների մասնակցության հրավերներ, սակայն, շատ զբաղված եմ. այս համերգից հետո միանգամից մեկնելու եմ Համբուրգ, այնուհետեւ Ժնեւ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պիետրոդարկին:

«Կարծում եմ` հանդիսատեսը կհավանի, քանի որ շատ էմոցիոնալ եւ բարդ ծրագիր է», - հավելեց նա:

Համերգային ծրագրում տեղ են գտել Աստոր Պիացոլլայի, Նինո Ռոտայի, Ռոբերտ Մոլինելիի, Էնրիկո Բլատինիի, Ֆաբիո Կոնիչիելայի ստեղծագործությունները: Համերգին կհնչի նաեւ Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

«Ուզում եմ երկու խոսք ասել Պիացոլլայի մասին: Հայաստանում շատ լավ գիտեն նրա «Լիբերտանգո», «Օբլիվիոն» ստեղծագործությունները, սակայն կան նաեւ գործեր` ավելի ռիթմիկ եւ հազվագյուտ, որոնք արժանի են ուշադրության, եւ ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դրանք լսելու», - ասաց ակորդեոնահարը:

Պիետրոդարկին առաջին անգամ Հայաստանում եղել է «Ոսկե Ծիրանի» շրջանակներում: Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համագործակցում է արդեն երրորդ անգամ: Ակորդեոնահարն ասաց, որ շատ լավ կարծիք ունի թե' երիտասարդական նվագախմբի, թե' Հայաստանի մասին եւ նշեց, որ ամեն անգամ մեծ բավականություն է ստանում այդ այցելությունից, քանի որ հաճելի է համագործակցել հայ երիտասարդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG