Մատչելիության հղումներ

Ադրբեջանում զինվորի մահվան հերթական դեպքը մտահոգել է հանրությանը


Ադրբեջանցի զինվորները վարժանքների ժամանակ, արխիվ
Ադրբեջանցի զինվորները վարժանքների ժամանակ, արխիվ
Զինվոր Ջեյհուն Ղուբադովի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ստորագրահավաք է սկսվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին դիմելու համար։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, 19-ամյա զինվորը մահացել է հունվարի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասի պահակակետում։ Նախնական վարկածով` Ղուբադովը մահացել է սրտի նոպայից, սակայն զինծառայողի մայրը լրատվամիջոցներին հայտնել է, որ որդու մահվան պատճառը բռնությունն է, եւ ներկայացրել է մահացածի լուսանկարները, որոնց վրա հստակ երեւում են բռնության հետքերը։

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնական հաղորդագրություն տարածել քննության նախնական արդյունքների մասին։ Զինդատախազությունը եւս խոստացել է պաշտոնական հաղորդում ներկայացնել զինվորի` «բռնությամբ պատճառված մահվան» գործի քննության վերաբերյալ։

Ինտերնետային ստորագրահավաքի հեղինակները խորը անհանգստություն են արտահայտում երկրի բանակում զինվորների մահվան խորհրդավոր դեպքերի կապակցությամբ եւ ընդգծում խնդրի շուտափույթ լուծման կարեւորությունը։

Բացի այդ, Facebook սոցիալական ցանցում տեղադրված է շաբաթ օրը Բաքվի Շատրվանների հրապարակում բողոքի ցույց անցկացնելու կոչ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Օրհան Մանսուրզադեն ասել է, թե ակցիաների անցկացումը կարգավորվում է օրենսդրությամբ, եւ ցանկացած ապօրինի ակցիաներ կկանխվեն ոստիկանության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG