Մատչելիության հղումներ

«Հայանտառը» չի ընդունում դատախազության մեղադրանքը


Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու դեպքի առնչությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը հայտնում է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդան անտառտնտեսության աշխատակիցները անտառապատման ծրագիր իրականացնելիս 2009 թվականի կատարողական ակտերում կեղծ տվյալներ են ներառել, կատարել են հավելագրումներ ու յուրացրել խոշոր չափի գումարներ:

Դատախազության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ սկսվել է քրեական գործի նախաքննությունը եւ այլ մանրամասներ հաղորդել չեն կարող: Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ համաձայն չեն դատախազության ներկայացրած մեղադրանքների հետ:

2009 թվականին «Հայանտառը» մասնակցել ու հաղթել է գյուղատնտեսության նախարարության մրցույթում, ստացել համապատասխան գումար Կոտայքի մարզում անտառապատման աշխատանքներ կատարելու համար: Ըստ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի՝ Հրազդանի անտառտնտեսությունը 80 հեկտար տարածքում անտառապատման աշխատանքներ իրականացրել են 2009-ի աշնանը:

«Աշնանը տնկել են, գարունը անձրեւային էր, չեն կարողացել լավ հսկել, իսկ ամառը շատ չորային էր: Տնկել են սոճի ու տերեւավոր տեսակներ: Սոճին չորացել է, որովհետեւ պայմանները լավը չեն եղել», - ասում է Պետրոսյանը:

2010-ին Հրազդանի անտառտնտեսություն են այցելել Վերահսկիչ պալատի աշխատակիցները եւ նկատել, որ այն տարածքում, որտեղ արդեն ծառեր պետք է լինեին, չկան:

«Հայանտառի» աշխատակիցները նկատել էին, որ այն 80 հեկտարից, որ պետք է անտառապատվեր, 18-ում ծառերի կպչողականությունը ցածր էր՝ 42 տոկոս: Գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշում է, որ իրենց կատարած ստուգումները բոլորովին կապ չունեին Վերահսկիչ պալատի ահազանգի հետ:

«Իրենց ստուգման ժամանակ այդ տարածքները եղել են չորացած ծառերից մաքրված, փոսերը փորված, որովհետեւ ամառվա կեսին նոր ծառ տնկել չէինք կարող», - ասում է Պետրոսյանը. - «Վերահսկիչ պալատի աշխատակիցների արձանագրածից հետո մենք արդեն 2011 թվականի գարնանը լրացում արեցինք, անտառտնտեսությունը իր ուժերով, իր տնկանյութով վնասը վերականգնեց: Մենք նամակ գրեցինք Վերահսկիչ պալատին, որ վերականգնված են այդ տարածքները»:

«Հայնատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը հայտնում է, որ գյուղատնտեսության նախարարությունից Կոտայքի մարզում անտառապատման աշխատանքներ իրականացելու համար «Հայանտառը» ստացել էր 9 միլիոն դրամ, այդ գումարը ծախսել են 2009-ին, ձեռք են բերել տնկիներ, վճարել բանվորներին եւ այլն: Արդեն 2011-ի գարնանը չկպած անտառը վերականգնել են սեփական ռեսուրսներով` առանց լրացուցիչ գումար ծախսելու:

«Անտառը մեկ տարում չի աճում», - հավելում է գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` հավելելով, որ տնկիներն արդեն կպել են, եւ այն տարածքը, որ պետք է անտառպատվեր 2009-ին, այժմ արդեն անտառապատ է:

Ըստ նրա` քրեական գործը հարուցվել է փաստաթղթերի հիման վրա ու մասնագետները երկրորդ անգամ չեն այցելել անտառի տարածք:

Դատախազության տարածած հաղորդագրությունը հայտնում էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր էին հսկել ու ստուգել կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է վնաս: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հրազդանի անտառտնտեսությունում աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, եւ իրենք որեւէ աշխատակցի գործից չեն ազատել, քանի որ իրենց կարծիքով` որեւէ յուրացում տեղի չի ունեցել:

«2010-ը շատ չոր տարի էր, գյուղատնտեսությունում կորուստներ եղան. ինչի պիտի գյուղում կորուստ լինի, անտառում՝ ոչ», - վրդովված հայտնեց Ռուբեն Պետրոսյանը:

«Հայանտառի» ղեկավարներին հայտնի չէ, թե ինչու է քրեական գործը հարուցվում 2013-ին, եթե Վերահսկիչ պալատը խախտումներ արձանագրել էր դեռեւս 2010-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG