Մատչելիության հղումներ

Երկու ամսից կառավարությունը կքննարկի «Արմավիա» ավիաընկերության հետագա գործունեության հարցը:

Մարտին կլրանա ընկերության եւ կառավարության միջեւ պայմանագրի ժամկետը: Թե ինչ կլինի դրանից հետո Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը դժվարացավ ասել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե կառավարությունում «Արմավիա»-ի հարցը քննարկելիս առաջին հերթին հաշվի են առնելու ընկերության առաջարկած ծրագիրը:

Տեղին է նշել, որ Քաղավիացիայի վարչության պետի հրամանով կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ «Արմավիա»-ի հեղինակությունը լուրջ անկում է արձանագրել:

2012-ին մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «Բրիտանական ավիաուղիներ» ընկերության գործունեության դադարեցումը Հայաստանում: Որպես մեղավոր առաջին հերթին նշվում էր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության անունը:

Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրեց, որ ընկերության հեռանալու որոշման մասին տեղեկանալուց հետո անձամբ մեկնել է Լոնդոն, որտեղ պարզել է, որ պատճառը ոչ թե օդանավակայանի սակագներն են, այլ դեպի մեր երկիր թռիչքի շահութաբեր չլինելը:

Փոխարենը 2012-ի վերջին Հայաստանում իր գործունեությունը սկսեց իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը, որը, Մովսեսյանի խոսքով, «դեռեւս բարդությունների է հանդիպում, բայց շուտով դրանք կհաղթահարվեն»:

Այժմ, նրա փոխանցմամբ, բանակցություններ են ընթանում նաեւ այլ ավիաընկերությունների հետ, որոնք կարող են մուտք գործել հայկական շուկա:

2012-ը ընդհանուր առմամբ բավականին հագեցած էր իրադարձություններով: Տարվա ընթացքում մի շարք եվրոպական ավիացիոն կազմակերպություններ ստուգումներ են անցկացրել հայկական օդանավակայաններում: Մովսեսյանի խոսքով, հատկապես ուրախալի է, որ ընդամենը մի քանի փոփոխություններից հետո հայկական քաղաքացիական ավիացիան լիովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG