Մատչելիության հղումներ

Տույժ` թիվ 1 գիշերօթիկի դաստիարակի նկատմամբ


Թիվ 1 գիշերօթիկից փախուստի դիմած 9-ամյա Տիգրան Պապիկյանը, դեկտեմբեր, 2012թ.

Թիվ 1 գիշերօթիկից փախուստի դիմած 9-ամյա Տիգրան Պապիկյանը, դեկտեմբեր, 2012թ.

Երեքշաբթի օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից` Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են Ոստիկանության կողմից։

Տիգրան Պապիկյանը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է սննդով եւ հագուստով, մինչ պարզվեն երեխայի` գիշերօթիկ հաստատությունից փախուստի բոլոր հանգամանքները:

Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Տիգրանը փախել է թիվ 1 գիշերօթիկից, որտեղ, նրա վկայությամբ, դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը պարբերաբար ծեծել է իրեն։

«Պաշտպանի աշխատակազմը հետեւողական է Տիգրանի գործի ընթացքին եւ սպասում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ Ոստիկանության պատասխան գրություններին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG