Մատչելիության հղումներ

Թեկնածուն կոչ է անում Սերժ Սարգսյանին միայնակ թողնել ընտրապայքարում


Նախագահի թեկնածու Արամ Հարությունյան
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյան
Հանեք ձեր թեկնածությունները եւ թողեք նախագահ Սերժ Սարգսյանին մենակ. փետրվարի 18-ի ընտրություններին առաջադրված թեկնածուներին չորեքշաբթի օրը նման կոչով այսօր դիմեց նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

«Համոզված եմ, որ այդ դեպքում նույնպես ինքը [Սերժ Սարգսյանը] 50 տոկոսը չի ստանա: Հետեւաբար, եթե մենք թողնում ենք Սերժ Սարգսյանին միայնակ, մենք հասկանում ենք նաեւ իրական վիճակը: Ես համոզված եմ` գոնե այդ ժամանակ չեն կեղծի ընտրությունները», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հարությունյանը:

Հարությունյան ասում է` այս ընտրությունները նրանով են տարբերվում նախորդներից, որ «կեղծ ժողովրդավարները» եւ «կեղծ թեկնածուներ» չկան: Ըստ թեկնածուի` դրանք այն մարդիկ էին, ովքեր առաջ բողոքում էին, իսկ հիմա ասում են, որ երկրի վիճակը դեպի լավն է ընթանում:

«Նախագահի նախկին թեկնածուները Հանրապետականի պադվալներում վարձով են մնում», - ասաց նա:

Ժամանակին Արամ Հարությունյանը ասում էր, որ 2003-ի եւ 2008-ի նախագահական ընտրություններում չի գտել այն թեկնածուին, որի կողքին կկանգներ, այդ պատճառով էլ իր թեկնածությունն է առաջադրել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այսօր կա՞ այն թեկնածուն, ում կողքին նա պատրաստ է կանգնել, Հարությունյանը պատասխանեց` ոչ:

«Ով Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլ դուրս գա, ես իր կողքին կկանգնեմ: Երկրորդ փուլ հաստատ պիտի լինի: Ո՞ւմ պիտի ձայն տա բողոքավոր մասսան, ո՞ւմ պիտի ձայն տա ՀԱԿ-ի, «Բարգավաճի», Դաշնակցության էլեկտորատը: Սերժ Սարգսյանի՞ն: Իհարկե, ոչ: Պիտի բաժանվի ընդդիմադիրների մեջ, ընդ որում այս ընտրությունների ժամանակ, ինչպես 2003-ին, 2008-ին կամ 1998-ին, չկա այն թեկնածուն, որին միանգամից կուղղվեն ընդդիմադիր ձայները», - ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները այս ընտրություններում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններում ամենաքիչ` ընդամենը 2892 ձայն է հավաքել, Հարությունյանն պատասխանեց. - «Համարենք, որ միայն ես եմ ինձ ձայն տալիս, ես համոզված եմ, որ ես ճիշտ եմ: Ինձ համար թվաբանությունը կարեւոր չէ»:

Հարությունյանը նախօրեին 8 միլիոն դրամ ընտրական գրավի անդորրագիրը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն երեքշաբթի օրը հավելյալ 48 ժամ տվեց առաջադրվելու մտադրություն ունեցող անձանց կիսատ, որոշակի անճշտություններով փաստաթղթերը կարգի բերելու եւ խնդիրները վերացնելու համար: ԿԸՀ-ի նիստի ժամանակ առաջադրված թեկնածուներից երկուսը վրդովմուքն հայտնեցին գրավի չափի վերաբերյալ: Մեր այն հարցին` արդյոք այս 8 միլիոնը հաղթահարելի՞ էր Արամ Հարությունյանի համար, վերջինս պատասխանեց. - «Եթե մեկը որոշում է դուրս գալ լուրջ պայքարի, պարտքով լինի, չգիտեմ ոնց լինի, պիտի այդ գումարը ճարի: Դա նույն բանն է, որ ասես` ես գնում եմ կռվի, բայց զենք չունեմ»:

«Ազգային համաձայնության» առաջնորդը ընտրություններին կմասնակցի «Հանուն հավերժական Հայաստանի», «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսերով, գուցե այլ կարգախոսեր եւս ունենա: Ունի ծրագիր, որի մասին ավելի ուշ իր քարոզարշավի ընթացքում կներկայացնի: Նրա հիմնական քարոզարշավը կկենտրոնանա Երեւանում, սակայն ընտրություններից 10 օր առաջ կայցելի նաեւ մարզեր: Հարությունյանի համար գերխնդիր է իշխանափոխությունը: Նա ասում ` եթե Ճապոնիայի երկրաշարժը 0.2 տոկոսի վնաս տվեց պետությանը տնտեսական իմաստով, Հայաստանի կառավարության տնտեսական վնասը 75 անգամ շատ է:

«Այսօր իշխանությունները զբաղված են միայն փող աշխատելով», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG