Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի թեկնածություն առաջադրած այն քաղաքացիները, ովքեր ընտրագրավ չեն մուծել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստին հարցադրում հնչեցրին, թե սոցիալական ներկա պայմաններում որտեղի՞ց 8 միլիոն դրամ՝ ընտրագրավի համար:

Նրանք վկայակոչեցին Սահմանադրության համապատասխան կետը, որը սահմանում է ընտրական իրավունքը: Արդեն երկու տասնամյակ, ինչպես ինքն է նշում` վաստակավոր գործազուրկ, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց. - «Հանրապետության [բնակչության] 95 տոկոսը սոցիալապես անապահով է: [Ընտրագրավը] նրանց ընտրվելու իրավունքի ոտնահարում է»:

«Ընտրելու եւ ընտրվելու իրավունքից ինձ զրկել է ընտրագրավը: Դա անհաղթահարելի խոչընդոտ է: Դա հրահանգ է իշխանությունների կողմից», - վրդովված հավելեց նա. - «Սա խաղատո՞ւն է, ես պետք է խաղադրո՞ւյք կատարեմ»:

Աղմկոտ էր նաեւ թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանի հարցի քննարկումը: Այս թեկնածուն նույնպես ընտրագրավ չի մուծել` պնդելով, թե Սահմանադրության մեջ ընտրագրավի մասին ոչինչ չի ասվում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետ սահմանեց նաեւ թեկնածու Ռոբերտ Սիմոնյանի, ինչպես նաեւ՝ մինչեւ օրս ընտրագրավ չմուծած Տարոն Աբրահամյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Ռուբեն Այվազյանի, Մհեր Հայրապետյանի, Արամ Հարությունյանի, Նարինե Մկրտչյանի դեպքում՝ ընտրագրավի անդորրագիրը ներկայացնելու համար: Եթե մինչեւ հունվարի 10-ը, ժամը 14:00-ն այս թեկնածուները չներկայացնեն ընտրագրավի անդորրագիր, ԿԸՀՆ-ն մերժելու է նրանց գրանցումը որպես նախագահի թեկնածու:

Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պավլիկ Սարգսյանն ասաց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. - «Մինչեւ երեւի ամսի 14-ը կդիմեմ` իհարկե, եթե Սահմանադրական դատարանն էլ այնպիսի վերաբերմունք չդրսեւորի ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG