Մատչելիության հղումներ

Անկարան ուղղակի բանակցություններ է սկսել Օջալանի հետ


Թուրքիա - Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի կղզու բանտի մոտ` թուրքական դրոշի ֆոնին, 18-ը փետրվարի, 1999թ.

Թուրքիա - Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի կղզու բանտի մոտ` թուրքական դրոշի ֆոնին, 18-ը փետրվարի, 1999թ.

Թուրքական կառավարությունը պաշտոնապես հաստատում է, որ բանակցություններ է վարում Իմրալի կղզու բանտում գտնվող՝ Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ։

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց, որ Օջալանի հետ հանդիպել է Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Մենք այս քայլին դիմեցինք` վայելելով ժողովրդի աջակցությունը։ Տպագիր մամուլն ու քաղաքացիական հասարակությունը մինչ օրս որեւէ աջակցություն չեն ցուցաբերել մեզ», - ասաց Էրդողանը։

Թուրքական կառավարության հիմնական հաշվարկը հետեւյալն է՝ Անկարայում հույս ունեն, որ քրդական շարժման շարքերում անառարկելի հեղինակություն վայելող Օջալանը կհամոզի երկրի հարավ-արեւելքում գործող զինված խմբերին վայր դնել զենքն ու անցնել պայքարի խաղաղ մեթոդների։

PKK-ի քաղաքական թեւը համարվող` թուրքական խորհրդարանում ներկայացված Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության ղեկավարները, սակայն, իշխանություններին խորհուրդ են տալիս սին հույսեր չփայփայել, թե միայն ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի հետ բանակցելով հնարավոր է լուծել քրդական հարցը։ «Միամտություն է կարծել, թե այս խնդիրը հնարավոր է լուծել առանց Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ բանակցելու», - նշել է թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավոր Այշել Թուղլուկը։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Օջալանի հետ բանակցությունները հաջողությամբ պսակվեն։ Դրա հետ մեկտեղ, Էրդողանի կառավարությունը պետք է վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկի՝ նախեւառաջ ազատ արձակելով վերջին տարիներին ձերբակալված քուրդ գործիչներին եւ դադարեցնելով ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության ջոկատների դեմ», - ասել է քուրդ պատգամավորը։

Երեկ արդեն առաջին անգամ Օջալանի ազատազրկման ողջ ընթացքում նրան թույլ տվեցին հանդիպել խորհրդարանի երկու քուրդ պատգամավորների հետ, ինչը լրատվամիջոցները բնութագրեցին որպես խաղաղ գործընթացի փաստացի սկիզբ։

Քրդական շարժման զինված թեւի՝ Բանվորական կուսակցության առաջնորդ Մուրատ Քարայըլանը զգուշավոր լավատեսություն է արտահայտել մեկնարկած բանակցությունների առթիվ՝ նշելով. - «Այս պահին ամենկարեւորը զինված խմբերի դիրքորոշումն է։ Մեզ պետք է հնարավորություն տրվի ուղղակի կապ հաստատել Օջալանի հետ՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում»։

Թուրքական կողմից գլխավոր բանակցող` MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանը Sabah օրաթերթի հետ զրույցում բացահայտել է, թե ինչպես են Անկարայում պատկերացնում քրդական հարցի լուծումը։ «Այն ունի երեք հիմնական փուլ՝ զորացրում, զինաթափում եւ վերաինտեգրում։ Նախ քրդական ջոկատները պետք է դադարեցնեն իրենց արյունալի պայքարը Թուրքիայի դեմ, ապա վայր դնեն զենքերը, իսկ վերջին փուլում այդ ջոկատների մարտիկները կարդարացվեն եւ կվերաինտեգրվեն հանրությանը», - նշել է Ֆիդանը։ Նրա խոսքով` կգա մի պահ, երբ թուրքական իշխանությունները ստիպված կլինեն Օջալանից բացի բանակցել նաեւ PKK-ի՝ թուրք - իրաքյան սահմանին գտնվող Քանդիլի ճամբարում հաստատված հրամանատարների, ինչպես նաեւ կազմակերպության՝ Եվրոպայում գործող կառույցների ղեկավարների հետ։ «Օջալանն այս բանակցությունների առանցքային, բայց ոչ միակ դերակատարն է։ Մենք հույս ունենք զինաթափման շուրջ բանակցությունները ավարտել արդեն 2014 թվականին, - նշել է Հաքան Ֆիդանը Sabah-ի թղթակցի հետ զրույցում։

Մեկ այլ թուրքական պարբերական՝ Yeni Safak-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հատուկ 9-հոգանոց խումբ է ստեղծել՝ քրդական կառույցների հետ բանակցելու համար։ «Բանակցությունները կանցնեն կա՛մ Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում, կա՛մ եվրոպական քաղաքներից մեկում»» - գրում է թերթը։

Սա PKK-ի հետ բանակցություններ սկսելու Անկարայի առաջին փորձը չէ։ 2010-ին նույն Հաքան Ֆիդանը PKK-ի ներկայացուցիչների հետ բանակցում էր Օսլոյում, սակայն 2011-ի ամռանը քուրդ զինյալների՝թուրքական բանակի դեմ Դիարբեքիրում ձեռնարկած հարձակումից հետո բանակցությունները դադարեցվեցին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG