Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ այդ հեղափոխությունը կանի հայ ժողովուրդը։

«Փետրվարի 18-ին պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է իշխանական, ուժային, մաքսային, հարկային այդ համակարգը, որ 20 տարի իշխում է Հայաստանում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշելով, որ հարգում է անխտիր բոլոր թեկնածուներին եւ հատկապես Պարույր Հայրիկյանին ու Հրանտ Բագրատյանին, «ովքեր կանգնել են մեր պետականության ակունքներում», Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց․ - «Անհրաժեշտ է, սակայն, որ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի իր խղճի մտոք առաջիկա ընտրություններին, որովհետեւ կեղծ է այն կատեգորիան, որ հիմա տարածում է գտնում, որ կանխորոշված են այս ընտրությունները»։

«Ժառանգության» առաջնորդը ընդգծեց, որ չմասնակցելով ընտրություններին` Հայաստանի քաղաքացիներն ակամա նպաստում են, որ գործող իշխանությունները վերատադրվեն․ - «Պատճառ պետք չէ լինի, որ մեր ցանկացած թեկնածուն այս անգամ չի մասնակցում։ Թեեւ ես ինքնառաջադրվում եմ, «Ժառանգությունը» առաջին անգամն է մասնակցում։ Հինգ տարի առաջ հնարավորություն չունեցանք, տասը տարի առաջ չունեցանք, բայց դա որեւէ խոչընդոտ չէր, որ մենք զորակցեինք այս կամ այն հասարակական ընդդիմադիր ուժին։ Լուծումը տեսանք մեզանից վեր, մեր եսը հաղթահարեցինք, եւ հիմա կոչ եմ անում բոլորին՝ քաղաքացիներին, ակտիվիստներին, կուսակցություններին՝ ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, Բարգավաճին, անգամ՝ Հանրապետական կուսակցության շրջանակներում չկողմնորոշված հատվածին, մասնակցելու խղճի մտոք այս ընտրությանը»։

«Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջեւ` գործող, de facto Հայաստանի եւ ապագա, de jure Հայաստանի միջեւ, եւ ոչ մի բան կանխորոշված չէ»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը, - «Գնալու է մենամարտ, գնալու է երկու Հայաստանների պայքարը, եւ ամենայն համեստությամբ պիտի ասեմ, որ դրանք լինելու են Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանի պայքարը»։

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, թե վերջին ընտրությունները եւս ազատ, արդար չէին: Հարց հնչեց՝ եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններն ազատ ու արդար չէին, իսկ մյուս կողմից էլ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու են նույն մարդիկ եւ բացի այդ՝ հայտնի է քաղաքական դաշտում առկա ուժերի հարաբերակցությունը, ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում ընտրական հեղափոխություն անել։

«Ես չեմ անելու։ Ես կարող եմ առաջարկել իմ եւ մեր հավաքական թեկնածությունը շատ կոնկրետ սահմանադրական, ժողովրդավարական, ներքին եւ արտաքին քաղաքական ուղենիշներով։ Հայ ժողովուրդը, եթե ինքը ցանկանա խոսքը եւ գործը մեկ անել, բողոքներից դուրս գալ, գարեջուրը կամ սուրճի բաժակը վայր դնել մի պահ եւ նաեւ մասնակցել, ոչ թե տանը նստել, հենց հայ ժողովուրդը այդ ընտրական հեղափոխությունը կարող է անել», - պատասխանեց Հովհաննիսյանը։

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ է կարծում «Ժառանգության» առաջնորդը, որքա՞ն ձայն կհավաքի գալիք ընտրությունների արդյունքում։ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Իմ համեստությունը եւ ինքնավստահությունը միաժամանակ ինձ թույլ չեն տալիս պնդելու, որ մենք կհաղթենք առաջին փուլում։ Դրա համար, եթե գործող նախագահը բավարար քվեներ հավաքի, կարող եք ակնկալել երկրորդ փուլ»։

«Ժառանգության» առաջնորդը նաեւ կոչ արեց Հանրապետության նախագահ, գալիք ընտրություններում Հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին ընդառաջ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար, պետական տարբեր հաստատությունների շենքերի վրայից հանել ՀՀԿ-ի տարբերանշանները, գրասենյակները: Այդքանով հանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ գալիք նախագահական ընտրությունների նախօրեին «մեծ առաջընթաց կա լրատվական դաշտում»։

«Թեեւ ամբողջական չէ լրատվական դաշտի մատչելիությունը, մեծ առաջընթաց կա անցյալի համեմատությամբ, եւ թեկնածուները՝ ընդդիմադիր հասարակական, քաղաքացիական, այլընտրանքային, կարող են նաեւ իրենց տեսակետը, իրենց խոսքը ասել», - մանրամասնեց «Ժառանգության» առաջնորդը։
XS
SM
MD
LG