Մատչելիության հղումներ

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջիկա օրերին չօգտագործել հին սնունդ, եւ կերակուրներն ու խմիչքները չխառնել:

Այս տարի Ամանորին սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Համեմատության համար նշենք, որ անցած տարի նախարարության տվյալներով տոնական օրերին Հայաստանում գրանցվել էր սննդային թունավորման միայն մեկ դեպք: Բացի այդ, անցած տարի արձանագրվել էին ալկոհոլի չարաշահման եւ մարսողական համակարգի խաթարման դեպքեր, մինչդեռ այս տարի, ինչպես նշեց Մարգարիտա Բաբայանը, չի արձանագրվել անգամ խմիչքից թունավորման որեւէ դեպք:

«Թեժ գծի վրա հերթապահություն եղել է, ահազանգեր՝ թունավորումների մասին, չեն եղել», - նշեց Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետը, - «Ամեն ինչ հանգիստ է այս տարի»։

Մարդիկ արդեն հասկանում են ինչպես պետք է ճիշտ սնվել, կարծիք հայտնեց Մարգարիտա Բաբայանը՝ եւս մեկ անգամ զգուշացնելով, որ առաջիկա օրերին չօգտագործեն հնացած սնունդ եւ կերակուրներն ու խմիչքները չխառնեն` հնարավոր ալերգիաներից խուսափելու համար:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության հերթապահ բաժնից` նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից մինչեւ այսօր գրանցվել է հրդեհի 62 դեպք, տեղի է ունեցել 1 ինքնասպանություն, կախնվել է ինքնասպանության 3 փորձ, ճանապարհային 7 պատահար է տեղի ունեցել, որի պատճառով մահացել է 6 եւ վնասվածքներ ստացել 11 քաղաքացի: Եղել են նաեւ 6 կեղծ ահազանգեր, մասնավորապես, ինչպես տեղեկացանք օրվա հեթապահից՝ «երկու դեպքում խորովածի կրակը թողել է հրդեհի տպավորություն»։

Սպասարկվել է նաեւ 96 այլ բնույթի ահազանգ, փրկարարական բնույթի 3 աշխատանք, որոնցից մեկի ժամանակ ծննդկան է տեղափոխվել հիվանդանոց, ծնվել է տղա երեխա:
XS
SM
MD
LG