Մատչելիության հղումներ

logo-print

Ասադը խաղաղություն հաստատելու նոր ծրագրով է հանդես եկել


Բաշար ալ-Ասադը Դամասկոսի Օպերայից հեռուստաուղերձով դիմում է սիրիացիներին, 6-ը հունվարի, 2013

Բաշար ալ-Ասադը Դամասկոսի Օպերայից հեռուստաուղերձով դիմում է սիրիացիներին, 6-ը հունվարի, 2013

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի օրը հանդես է եկել պատերազմից ավերված երկրում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությամբ:

Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել է ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել:

BBC-ի փոխանցմամբ` սա անցյալ տարվա հունիսից ի վեր Ասադի առաջին հանրային ելույթն էր: Իր ելույթում Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին անվանել է «արեւմտյան խամաճիկներ» եւ ասել, որ Սիրիան ուզում է բանակցել «ոչ թե ծառաների, այլ տիրոջ հետ»: Ասադը հայտարարել է, որ Սիրիան չի մերժել դիվանագիտական քայլերը, սակայն նաեւ պնդել, որ չի բանակցի «ահաբեկչական գաղափարներ ունեցող մարդկանց հետ»:

«Կան մարդիկ, որոնք ուզում են մասնատել Սիրիան եւ թուլացնել այն: Բայց Սիրիան ավելի ուժեղ է եւ կմնա սուվերեն պետություն: Եվ սա է, որ տխրեցնում է Արեւմուտքին», - ասել է Ասադը, ում ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է ներկաների ծափողջույններով եւ բացականչություններով:

Իր ելույթում Սիրիայի նախագահը նաեւ ասել է, որ իր նախաձեռնությունը կարող է իրականանալ, եթե Արեւմուտքի եւ տարածաշրջանի երկրները դադարեն ֆինանսավորել «մարդասպան հանցագործներին»:

Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան արդեն մերժել է Ասադի առաջարկությունը: Կոալիցիայի խոսնակ Վալիդ Բուննին Reuters-ին ասել է, որ ընդդիմության համար որեւէ լուծում ընդունելի չէ, եթե այն չի ներառում Ասադի եւ նրա կառավարության հրաժարականը:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական տա: «Արյան ամենամեծ բաժինը նրա ձեռքերին է», - ասել է նա:

ՄԱԿ-ի տվյալներով` կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ արդեն 21 ամիս տեւող բախումների ընթացքում 60 հազարից ավելի մարդ է զոհվել Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG