Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը


Հունվարի 6-ի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունները սկսվում են հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ եւ տրվում Սուրբ Ծննդյան Ավետիսը: Ընդունված ավանդույթի համաձայն, Ճրագալույցի պատարագից մարդիկ տուն են վերադառնում` իրենց հետ տանելով եկեղեցում վառած մոմեր, ճրագներ:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագին ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սուրբ Ծննդյան հանդիսավոր պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը: Կաթողիկոսի պատգամում մասնավորապես ասված է. - «Սիրելի հավատավոր ժողովուրդ, հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում եւ փառաբանում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: [...] Մարդկության, նաեւ մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան եւ միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս եւ այլ արատներ, որոնք հետեւանք են Աստծուց հեռանալու ընթացքների: Մարդը աշխարհի իրականության առջեւ հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը: Ունեւորն ապրում է անհանգստության մեջ, չունեւորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում: Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաեւ` Աստծո անունով` ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանց համար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում են կյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ` «սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ` միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության: Սուրբ Ծննդյան խորհրդով, սիրելիներ, հանապազ շնորհն ունենք Քրիստոսի հետ բարձրանալու պայծառակերպության լեռը, Տիրոջ ներկայությամբ ապրելու աստվածահաճո հոգեշեն միջավայրում եւ մեր ընթացքը հաստատուն պահելու Աստծո շավիղներում բարոյական, ճշմարիտ արժեքների վրա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ Աստծո հետ ընթանալը փրկում է փորձություններից, բազմացնում բարիքները եւ հաղթանակներ շնորհում երկնային զորությամբ: Մեր պատմությունն իսկ վկայում է, որ Փրկչին հավատարմությամբ է մեր ժողովուրդը կերտել իր ստեղծագործ կյանքի հաղթանակները եւ մշակույթի վերելքները: Մեր Տիրոջ հետ ենք դիմակայել փորձություններին, վեր հառնել ավերներից, վերապրել ցեղասպանություն: Մեր Տիրոջ զորությամբ Սփյուռքում վերընձյուղվել ենք ու պահպանել մեր ինքնությունը, աշխարհասփյուռ միասնականությամբ վերահաստատել մեր ազատ պետականությունը, մշտապես վառ պահել տեսիլքը մեր ավետյաց երկրի, այլեւ` հավատը, որ Տերը համախմբելու է մեզ մեր Հայրենիքում: Այսօր ՙԱստված մեզ հետ է՚ ավետիսով հուսավառ ու քաջալեր` խոնարհվենք մարդացյալ Փրկչի սնարի առջեւ` ջերմանալու Նրա սիրով, ընդունելու Նրա շնորհներն ու օրհնությունները, որպեսզի ի Հայրենիս եւ ի Սփյուռս բարեփոխենք ու զորացնենք մեր կյանքը, իրագործենք մեր ազգային նպատակները, կերտենք մեր ժողովրդի բարօր ու երջանիկ, լուսավոր գալիքը եւ հավետ մնանք Աստծո հավատարիմ ժողովուրդ: Այս հայցն ու մաղթանքը մեր շուրթերին` Սուրբ Ծննդյան ավետիսով եւ եղբայրական սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ հայցում Տիրոջ բյուր շնորհներն ու զորակցությունը քրիստոսապատվեր առաքելության մեջ: Տիրոջ Ծննդյան տոնի բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին: Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին եւ հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով ազգաշեն ու հայրենաշեն գործոց հաջողություններ Տիրոջ երկնառաք օրհնության ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ նրանց արգասալի ջանքերով ու մշտանորոգ ձեռքբերումներով միշտ բարեզարդվեն մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփյուռս: Աղոթք ենք բարձրացնում, որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության եւ համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում եւ այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին եւ ի մարդիկ հաճութիւն» պատգամը եւ ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ եւ միշտ եւ հավիտյան. ամեն»:

Նշենք, որ մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ծննդյան տոնը եւ Մկրտությունը նշում էին հենց հունվարի 6-ին: Բայց 4-րդ դարից սկսած կաթոլիկ եկեղեցին Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ 5-րդ դարում այս որոշումը վավերացվել է Քաղքեդոնի ժողովի կողմից: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG