Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընդամենը 7 թեկնածու


Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։

Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 15 թեկնածու, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը ներկայացրել են թեկնածուներից միայն 7-ը։ Նրանք ենք՝ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, հասարակական կարգով «Փախստականների եւ միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով չի աշխատում եւ հայտնի է որպես էպոսագետ։

Նախագահի մյուս թեկնածուները՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, 1948 թվականին ծնված, թոշակառու, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ով նույնպես չի աշխատում, անկուսակցական, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան է եւ Ռոբերտ Ահարոնյանը, ով չի աշխատում, անկուսակցական է, ըստ օրենքի 48 ժամվա ընթացքում պետք է ԿԸՀ ներկայացնեն ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Հակառակ դեպքում նրանց թեկնածության գրանցումը կմերժվի։

Թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG