Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

«Ես կարծում եմ՝ առավել բարձր կոչում եւ առավել մեծ երջանկություն չկա, քան լինել Հայրենիքի զինվոր։ Ավելի մեծ բան, քան Հայրենիքին ծառայելը չկա: Ուզում եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք այս գիտակցությամբ ապրեք ձեր ողջ կյանքը: Մենք կանք, որովհետև ե՛ւ մեր իշխանավորը, մեծամասամբ, ե՛ւ եկեղեցականը, ե՛ւ ռամիկը շատ դեպքերում իրենց զինվոր են համարել», - Հայաստանի նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը, - «Մեր հարեւանությամբ եղել են ժողովուրդներ, որոնք ե՛ւ քանակով, ե՛ւ իրենց հզորությամբ շատ ավելին են եղել, քան մենք: Կարելի է թվարկել առնվազն երկու տասնյակ ժողովուրդների, որ մնացել են պատմության կեռմաններում, մնացել են, որովհետեւ իրենք իրենց ազգի զինվորը չեն եղել, իրենց Հայրենիքի զինվորը չեն եղել: Եվ մենք հարատեւելու ենք, որովհետև մեզնից շատ-շատերն իրենց համարում են Հայրենիքի զինվորը»:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաեւ հանդիպել է Արենի գյուղի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող եւ հետաքրքող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG