Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ինքնառաջադրվեց Հայաստանի նախագահի թեկնածու։

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ եւ Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` Մարտիրոսյանը ընդգծեց, որ «Ժառանգության» առաջնորդը առաջադրվում է նախագահի թեկնածու, որովհետեւ «1988թ.-ին վերադառնալով հայրենիք` Րաֆֆին մաս է կազմել այն պայքարին, որ սկսել են իր պապերը եւ ինքը ցանկանում է այդ պայքարը շարունակել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմամբ Հայաստանի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 13-ի։

Հովհաննիսյանից բացի այս պահի դրությամբ հանձնաժողով փաստաթղթերն են հանձնել գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը եւ հասարակական կարգով «Փախստականների եւ միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով որպես էպոսագետ է հայտնի, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը։

Ընդհանուր առմամբ առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համար ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 17 քաղաքացի։

Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG