Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը թեկնածու չի առաջադրի


«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը (աջից), ղեկավար անդամներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Անուշ Սեդրակյանը կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը (աջից), ղեկավար անդամներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Անուշ Սեդրակյանը կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

«Այս ընտրությունները այն ընտրությունները չեն, որ կարող են տանել իշխանափոխության», - ասում է կուսակցության ղեկավարը։

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշում է կայացրել թեկնածու չառաջադրել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին:

«Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, Հայաստանի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»,- ասված է կուսակցության այսօր տարածած հայտարարությունում:

«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց. - «Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը եւ այն հանգամանքը, որ ընդդիմությունը չկարողացավ` նաեւ իր մեղքի բաժինն ունի ընդդիմությունը, բացի իշխանության ստեղծած այս քաղաքական վիճակը, որ կա Հայաստանում, ընդդիմադիր ուժերը եւս իրենց լրջագույն մեղքն ունեն այսօրվա իրողության համար, դա է` նախկինում իմիտացիոն քաղաքականությամբ զբաղվելը եւ սին հույսեր կապելը տարբեր քաղաքական գործիչների կամ ուժերի հետ կապված, որը բերեց այս վիճակին, եւ այս վիճակում, այսօրվա մթնոլորտում, մասնակցել զուտ մասնակցության համար` նպատակահարմար չենք գտնում, հաշվի առնելով, որ շատ քիչ հավանական ենք տեսնում, որ հնարավորություն կստեղծվի` նույնիսկ համախմբման դեպքում քաղաքական ուժերի, այսօրվա վիճակում, ընդդիմադիր դաշտում գործող, կարողանան այս ընտրությունները տանեն իշխանափոխության»։

«Մենք` որպես լիբերալ ուժ եւ ազատական գաղափարախոսության հետեւորդներ, գտնում ենք, որ իշխանափոխությունը բացառապես պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով, եւ դա ժողովրդավարության հաստատման համար ամենաանհրաժեշտ պայմանն է։ Բայց այս ընտրությունները, մենք գտնում ենք, որ այն ընտրությունները չեն` գոնե մեր մասով եւ ընդդիմադիր դաշտում հիմնական գործող ուժերի, ում հետ մենք կարող ենք համագործակցել, որ կարող են տանել իշխանափոխության», - ընդգծեց Քոքոբելյանը` շարունակելով. - «Իսկ գործող իշխանության հետ մենք երբեւիցե հույս չենք կապել եւ երբեւիցե չենք գտել, որ նրանք այսօր երկրում տեղի ունեցող քաղաքատնտեսական իրավիճակին միշտ չէ, որ կարողանում են ադեկվատ մոտեցում ցուցաբերել եւ լուծումներ առաջարկել հանրությանը»։

«Այս ընտրություններին կեղծիքի անհրաժեշտություն չի ունենա իշխանությունը»


Նախագահական ընտրությունների ընթացքի եւ հետընտրական զարգացումների իր կանխատեսումների վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը հայտարարեց. - «Ես առանց այլեւայլության հստակ ուզում եմ ասել, որ այս նախագահական ընտրություններին կեղծիքի կամ այլ տիպի ուժային մեթոդների գործադրման անհրաժեշտություն իշխանությունը չի ունենա` դա ակնհայտ եմ համարում ինձ համար եւ գտնում եմ, որ դա շատ դիպուկ պետք է ասել այն, ինչ որ կա։ Բայց, միեւնույն ժամանակ, այն կարծիքին եմ, որ այս նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության համար այն խնդիրները չի լուծելու, որը խիստ անհրաժեշտ է, այսինքն` ընտրություններից անմիջապես հետո, ակնհայտորեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վիճակի փոփոխության նախագծեր կամ մոտեցումները մենք հույս չունեմ, որ կտեսնենք»։
XS
SM
MD
LG