Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 29-ի մամուլ


1in.am-ը գրում է. - «Վերջին տարիների ֆունդամենտալ փոփոխությունների ֆոնին նույնիսկ 2012-ը անսովոր տարի էր: Անսովոր տարիները երեւի թե մեր կյանքը փոխելու առաջին նախանշանն է: Եթե սկսել են տեղի ունենալ այդքան մեծ չափի անսովորություններ, ապա կնշանակի, որ գորշությունը սկսել է տեղի տալ, ինչ-որ բան սկսել է դուրս գալ տոտալ վերահսկողությունից: Եվ չնայած արտաքին բոլոր ցուցանիշներով, պաշտոնական եւ ոչ պաշտոնական վիճակագրությամբ մեր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել, միեւնույն է, 2012 թվականը կարելի է համարել մեծ ձեռքբերման տարի հենց այն իմաստով, որ սովորական միապաղաղությանը սկսել են փոխարինել անսովոր իրադարձությունները, այսինքն` սառույցը կոտրվել է, քաղաքագիտական վերլուծությունների, պապիների ու տատիների ժամանակն անցել է, գալիս է առաջադեմ ու պայծառ երիտասարդության, քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակության ժամանակը՝ մի խոսքով հաստատապես կարող ենք ասել ատելության ու թշնամանքի ժամանակաշրջանը կամաց-կամաց հաղթահարում ենք՝ այդպիսով խախտելով «հավերժական» դարձած ստատուս քվոն»:

Lragir.am-ը զրուցել է ՌԱՀՀԿ-ից Սարո Սարոյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Վերջին օրերի զարգացումները, մասնավորապես չառաջադրումները, ըստ Ձեզ, որքանո՞վ են պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից մրցակիցներին «օտարելու» գործընթացով»: Պատասխան. - «Վարչախմբի կողմից ընտրական գործընթացի կազմակերպման տրամաբանությունը ենթադրում է, որ քրեաօլիգարխիայի իշխանական թեկնածուն չպետք է ունենա իրական մրցակցություն: Այդ տեսանկյունից, վարչախմբի «բոլշեւիկյան» թեւը վերջին մեկ ամսվա ընթացքում կարողացավ չեզոքացնել «մենշեւիկներին» եւ «ցարին»: «Մենշեւիկներին» այսօր մտահոգում է սրածության չենթարկվելու խնդիրը, իսկ «ՀԱԿ» կայսրության հետեւորդներից հիմնականում լսում ենք Боже, Царя храни հիմնը: Միաժամանակ ՀՅԴ-ն էլ, իր ամպլուայի ողջ հմայքով, փորձում է եզրեր գտնել վարչախմբի հետ՝ առաջիկա տարիներին այս արեւի տակ իր բաժին ջերմությունը ստանալու հույսով: Եվ քանի որ այնքան էլ միանշանակ չէ, թե քամին որտեղից կփչի, ուստի գործում է հայերիս դարավոր ու սրբազնացված «ամենափրկիչ» սկզբունքը՝ «իջնենք ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

Tert.am-ի թղթակիցը անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունների մասին զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։ Նա կարեւորագույն է համարել «ոչ մրցակցային եւ կեղծված խորհրդարանական ընտրությունները, որի տրամաբանական շարունակությունն այն է, ինչ այսօր կա»: «Գնահատականի առումով հիշեցնեմ, որ նույնիսկ եվրոպական դիտորդները գնահատեցին, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել, որովհետեւ մրցակցային հնարավորությունները հավասար չեն եղել՝ կաշառք, իշխանության կողմից ադմինիստրատիվ լծակների կիրառում, նաեւ ցուցակները, որոնք հիմք հանդիսացան արդյունքների կեղծմանը», - ասել է Խաչատրյանը` հավելելով, որ արդյունքում ոչ թե քաղաքացին ընտրեց, այլ այն համակարգը, որի ղեկավարը հենց իշխանությունն է: Այս ամենից հետո նա նկատում է, որ դա էլ, իր հերթին, ծնեց արտագաղթի նման աճը: «ՀՀ քաղաքացին չի ուզում ապրել մեր երկրում, այսինքն՝ ուզում է երկրից դուրս գալ, արտագաղթել, որովհետեւ երկու ամիս առաջ արված վերջին հարցումները՝ պարզելու թե որն է արտագաղթի պատճառը, ցույց տվեցին, որ եթե նախկինում 85 տոկոսը գնում էր աշխատանք չլինելու պատճառով, այս տարի նրանք կազմում են 60 տոկոսը, այսինքն՝ 40 տոկոսը գնում է արդարության պակասից», - ասել է Վահագն Խաչատրյանը։ Հաջորդ կարեւոր փաստը, ըստ նրա, այն էր, ինչ տեղի ունեցավ տարեվերջին՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու հետ կապված: «Պարզվեց, որ իսկապես Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի: Ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են մասնակցել այս ընտրական ֆարսին, բայց իրականությունն այդպիսին է», - նշել է Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG