Մատչելիության հղումներ

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում


Լուսանկարը` պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության
Հայաստանի պաշտպանության նախարարությունում երեկ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական եւ զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբների օպերատիվ եւ մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդմանը, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված քայլերին, 2012 թվականի գարնանային եւ աշնանային զորակոչերի ընթացքում գրանցած առաջընթացին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անցնող տարվա կարեւոր միջոցառումների թվում առանձնացվել են Հայաստանի տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները` ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբերին անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ «Փոխգործակցություն - 2012» զորավարժությունը, հոկտեմբերին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների` զինված ուժերի կիրառման փուլը եւ դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը հատկապես կարեւորվել է համաժողովրդական բանակ գաղափարի ձեւավորման առումով: Այդ զորավարժությանը մասնակցել են պետական բոլոր կառույցները եւ գերատեսչությունները:

Նախարարը կարեւորել է նաեւ զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված մեթոդական պարապմունքները, հավաքները: Բոլոր այս միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով եւ մեծ դեր են կատարել գործնական ունակությունների ու հմտությունների կատարելագործման առումով:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի պետի տեղակալներ, Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր:

Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաեւ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգեւատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ եւ զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի եւ արժեքավոր նվերների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG