Մատչելիության հղումներ

Վարչապետն ամփոփեց սիրիահայերի համար իրականացրած ծրագրերը


Վարչապետը կրթաթոշակի հավաստագիրն է հանձնում սիրիահայ ուսանողուհուն, 28 դեկտեմբերի, 2012

Վարչապետը կրթաթոշակի հավաստագիրն է հանձնում սիրիահայ ուսանողուհուն, 28 դեկտեմբերի, 2012

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր սիրիահայ ուսանողների կրթաթոշակների հանձնման արարողության ժամանակ անդրադարձավ տարվա ընթացքում սիրիահայերի համար կառավարության իրականացրած ծրագրերին:

Վարչապետը նշեց, որ այսօր Հայաստանում է գտնվում մոտ 7000 սիրիահայ: Նրանցից շատերը, Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով տեղափոխվելով Հայաստան, հույս ունեին, որ ամիսներ անց ամեն ինչ կհանդարտվի եւ 2013-ի Ամանորը կդիմավորեն Սիրիայում: Բայց դեպքերն այլ կերպ ծավալվեցին, եւ այժմ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում նրանց հոգսերը թեւթեւացնելու համար:

«Մենք փորձում ենք սիրահայերի համար աշխատանք գտնել, բիզնեսները տեղափոխեն Հայաստան, եթե կա այդպիսի ցանկություն: Մյուս կողմից մենք օգնում ենք, եթե կարիք կա, վերապատրաստման դասընթացներ անցնել նոր աշխատատեղերի համար, տրամադրում ենք անվճար հարթակներ, որտեղ կարող են ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններ կամ մարդիկ կարող են զբաղվել իրենց բիզնեսով, եւ հասկանալի է, որ դա կնպաստի, որ մարդիկ հեշտ մտնեն բիզնես»,-ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ առեւտրով զբաղվող մարդկանց պատրաստ են տրամադրել հարկային արտոնություններ, կան բազմաթիվ գործիքներ, որոնք պետությունը օգտագործելու է սիրիահայերին օգնելու նպատակով:

«Սիրիահայերի խնդիրները, կարիքները բազմաթիվ են ու տարբեր, եւ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի լինի նրանցից յուրաքանչյուրի կողքին, հասկանա, թե ինչպես կարող է օգնել», - հավելեց Սարգսյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև սիրիահայ երեխաների եւ երիտասարդների կրթական կարիքներին:

«Երեխաների համար հատուկ ծրագրեր ենք իրականացնում: Գիտեք, որ դպրոցական ծրագրեր ենք անում հատուկ սիրիահայ երեխաների համար: Կարծում եմ՝ կարեւոր էին ամառային ճամբարները, որ կազմակերպեցինք: Ես ուրախ եմ, որ հարյուրավոր ուսանողներ ունենք Հայաստանում, եւ մեր միջոցառումը հենց այդ տեսակետից ենք կազմակերպել, որ օգնենք այդ ուսանողներին, մշտապես ձեր կողքին ենք լինելու», - խոստացավ վարչապետը:

Կառավարությունը սիրիահայ 111 ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար տրամադրել է 40 միլիոն դրամ: Ուսանողներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ այսօր խնդիրները շատ են, Հայաստանում ուսման վարձերը բավական բարձր են, սնունդը, հագուստը, վարձով բնակարանները թանկ են, իսկ աշխատանք գտնելը` գրեթե անհնարին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG