Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Պարտավոր ենք ավելի զգոն ու մարտունակ լինել»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւներ է հանձնում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներին, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւներ է հանձնում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներին, արխիվ
«2012 թվականին եւս, հարեւան պետությունը չկարողացավ ձերբազատվել մեր պաշտպանությունում չեղած թույլ կետերի ապարդյուն որոնումներին տրվելու գայթակղությունից», - այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Բոլորս ենք հիշում ամռան սկզբին նրա կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններում ձեռնարկած ամենաիսկական արկածախնդրությունը եւ այն արժանի հակահարվածը, որն իսկույն ստացավ», - իր ամանորյա ուղերձում նշել է պաշտպանության նախարարը` շարունակելով. - «Հասկանալի է, որ երբ պետության իշխանությունները հայատյացությունը դարձնում են ներքին ու արտաքին քաղաքականության անկյունաքար, երբ հերոսացնում են մարդասպանին, այդօրինակ սադրանքներ առաջիկայում եւս կլինեն: Դա մեզ պարտավորեցնում է ավելի զգոն ու մարտունակ լինել, վստահորեն պահպանելու համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»:

«Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս վերստին հավաստեց, որ Արցախի հանդեպ որեւէ ոտնձգության դեպքում նրա թիկունքին կկանգնեն ողջ Հայաստանն ու հայությունը եւ կդիմեն բոլոր միջոցներին: Իսկ որ կարող ենք, կարծում եմ, լավագույնս վկայեցին ինչպես պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ու անձնակազմի լրահամալրմամբ անցկացված ռազմավարական զորավարժությունները, այնպես էլ փայլուն եւ միջազգային մեծ արձագանք ստացած մասնակցությունը Հայաստանում անցկացված «Փոխգործակցություն - 2012» բազմազգ զորախաղերին ու ՆԱՏՕ-ի խաղաղապահ բազմազգ զորավարժություններին, որոնք դարձան բոլոր օղակների պատրաստության, զինված ուժերի կիրառման ու օպերացիաների մշակման հմտությունների հղկվածության աներկբա վկայությունը», - ընդգծել է Սեյրան Օհանյանը։

«Մեր ունեցած ամենամեծ նվերն ու ամենամեծ ձեռքբերումը հաղթական խաղաղությունն է, որը մենք չենք խնդրել, մեզ ոչ ոք չի տվել, եւ մենք ոչ ոքից չենք ստացել: Այն Հայաստանի ու Արցախի համար նվաճել ու պահպանում է հայկական բանակը: Այս խաղաղությունը ձեռք է բերվել անօրինակ նվիրումի, խիզախության, ինքնազոհողության ու անդառնալի կորուստների գնով, եւ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջեւ, արժանին մատուցելով պատերազմի ու բանակաշինության բոլոր մասնակիցների ունեցած ավանդին, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք 2013 թվականը դարձնելու նոր հաջողությունների ձեռքբերման հերթական տարի», - հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG