Մատչելիության հղումներ

Նոր առաջադրումներ նախագահի ընտրություններում


Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Մոտ երկու ժամ առաջ Հայաստանի նախագահի պաշտոնի հինգերորդ հավակնորդը` Արամ Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց փետրվարի 18-ի ընտրություններում առաջադրվելու փաստաթղթերը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը նախագահական ընտրապայքար է մտնում երրորդ անգամ։

Նրա գնահատմամբ, այս ընտրությունները եզակի են այն իմաստով, որ չկա ընդդիմադիր հաղթող թեկնածու:

«Շատ ժամանակ, երբ այդպիսի մեկը լինում է, ընտրողներն ասում են՝ մենք քեզ կտայինք, ուղղակի քանի որ ավելի մեծ շանս ունի այսինչը, մենք տալիս ենք նրան, որպեսզի փոփոխություն լինի, կամ հակառակը՝ որպեսզի փոփոխություն չլինի: Իսկ հիմա ձայները կբաշխվեն ըստ նախապատվությունների, եւ ես համոզված են, որ եթե իշխանությունները, ինչպես ասում են՝ համը չհանեն, երկրորդ փուլ հաստատ է լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հարությունյանը, - «Ես կուզենայի ես լինել [երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն], եւ ով էլ լինի ընդդիմադիր թեկնածուներից, ես կպաշտպանեմ նրան , եթե ես չլինեմ»:

Այդուհանդերձ, նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանին չի համարում իր հիմնական մրցակիցը:

«Եթե վարչական ռեսուրսը չաշխատի, չեմ կարծում, որ ինքը այդքան մեծ շանս ունի: Նաեւ մենք տեսանք, որ նախագահի հենարանը Սամվել Ալեքսանյանն է, Մհեր Սեդրակյանն է: Ինչի՞ համար պետք է ժողովուրդը ձայն տա Սերժ Սարգսյանին: Եթե առաջին 5 տարին տվել էին ավանսով, ապա մենք տեսանք, որ այդ ավանսը իրեն չարդարացրեց: Սերժ Սարգսյանը վատ նախարար չի եղել, բայց ինքը շատ վատ նախագահ է», - հայտարարեց նախագահի թեկնածուն:

Արամ Հարությունյանից բացի այս պահի դրությամբ հանձնաժողով փաստաթղթերն են հանձնել գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով որպես էպոսագետ է հայտնի: Այսօր առաջադրվելու է նաեւ «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Նախագահի աթոռի համար կրկին մտադիր է պայքարել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա, սակայն, փոխանցեց, թե քանի դեռ չի ներկայացրել փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:

Նախընտրական կարգախոսը թեկնածու Հարությունյանը կհրապարակի ավելի ուշ, խոստանում է՝ սուր է լինելու: «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը բացում է փակագծերը․ խորհրդարանական ընտրություններից առաջ առաջարկ է ստացել Հանրապետականի ցուցակով պատգամավոր դառնալ, բայց մերժել է, եւ հիմա իր հիմնական առավելություններից է համարում քաղաքական ճամբարներ չփոխելը:

Վայելո՞ւմ է արդյոք երկրորդ նախագահի աջակցությունը հարցին, Արամ Հարությունյանը պատասխանեց` ես Քոչարյանի մարդը չեմ, միեւնույն ժամանակ չհերքելով, որ համակրում է նրան. - «Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս, երեք նախագահներից այն մարդն է, որը երբեք իր դիրքերը չլքեց: Նույն Հոկտեմբերի 27-ի ժամանակ կանգնեց պետության կողքին, պահեց պետականությունը, Մարտի 1-ին շատ բան իրեն են վերագրում, բայց կներեք՝ ամենաքիչ մեղքը ունի երեք նախագահներից Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանը: Ինքը, համենայնդեպս, ամենամեծ շանսերն ուներ, հիմա էլ ունի՝ հաղթելու, որովհետեւ իր առաջադրման դեպքում հարցը միանգամից մեկ փուլով կփակվի»:

Արամ Հարությունյանից բացի այս պահի դրությամբ հանձնաժողով փաստաթղթերն են հանձնել գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով որպես էպոսագետ է հայտնի: Այսօր երեկոյան առաջադրվեց նաեւ «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

«Ես վաղուց էի որոշում կայացրել քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, եւ այսօր ստեղծվել է այնպիսի իրադրություն, երբ իմ կարծիքով կա պահանջարկ նոր գործիչների: Մենք տեսնում ենք, որ դասական ընդդիմադիր ուժերը հետ են կանգնել այսօր մրցակցությունից, չեն ընդունել ձեռնոցը, որը Հանրապետական կուսակցությունը իրենց նետել է, եւ այստեղ՝ ընդունո՞ւմ է այդ ձեռնոցը այդ դեպքում հանրությունը, թե՞ ոչ», - իր քայլը մեկնաբանեց նախագահի թեկնածուն:

Անդրեաս Ղուկասյանը սպասելու է մինչեւ թեկնածությունների պաշտոնական հաստատումը, եւ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի գործող նախագահին որպես թեկնածու, ապա Ղուկասյանը միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի չեղյալ հայտարարվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Բոլորս էլ գիտենք, որ կան ընտրակաշառք բաժանող կուսակցություններ: Մի՞թե դրա համար ինչ֊որ լրացուցիչ հիմնավորումներ են անհրաժեշտ, թեպետ այդ հիմնավորումները ներկայացվելու են ԿԸՀ֊ին», - պարզաբանեց Ղուկասյանը:

Նախագահի աթոռի համար կրկին մտադիր է պայքարել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա, սակայն, փոխանցեց, թե քանի դեռ չի ներկայացրել փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:

Առաջադրվելու հարցում հաստատակամ են «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համար իր ղեկավարած կառույցին արդեն դիմել է 17 քաղաքացի, այդ թվում` «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով սակայն հայտարարել է, թե չի առաջադրվելու, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը (նա էլ այս օրերին փորձում է ընտրագրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամը գտնել): Այս ցանկում են նաեւ նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը, նրա համագյուղացի` «Ազդարար» հանդեսի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, ինչպես նաեւ մինչ օրս հանրությանը անհայտ քաղաքացիներ Զարուհի Հարությունյանը, Գարեգին Ղազարյանը, Ռոբերտ Սիմոնյանը եւ Պավլիկ Սարգսյանը: Առաջադրումները կավարտվեն հունվարի 4-ին:
XS
SM
MD
LG