Մատչելիության հղումներ

Գառնիկ Մարգարյանը քննադատում է ՀԱԿ-ին


Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 30-ը մարտի, 2012թ.

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 30-ը մարտի, 2012թ.

«Հուսալքել մի ամբողջ ազգի` սա առնվազն անբարոյականություն է», - հայտարարում է Կոնգրեսին մաս կազմող կուսակցության ղեկավարը։

Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը քննադատում է Կոնգրեսին` նշելով, որ ընդդիմադիր դաշինքը կորցրել է իր ընտրազանգվածը։

Կուսակցությունը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱԿ-ի նիստերին, Կոնգրեսի որոշումների կայացման գործընթացին։

«Այդ զանգվածը Կոնգրեսը կորցրել է` սա հարցի մի կողմն է, իսկ ֆիզիկապես Կոնգրեսից քանի կառույցներ դուրս են եկել` երկուս, եւ, վերջապես, 4-5 տարի հուսախաբել, հուսալքել մի ամբողջ ազգի` սա առնվազն անբարոյականություն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գառնիկ Մարգարյանը։

Ի պատասխան դիտարկման, որ շարունակելով մնալ Կոնգրեսի անդամ` միաժամանակ քննադատում է ՀԱԿ-ին, Մարգարյանը հայտարարեց. - «Հայ ազգային կոնգրեսը դե ֆակտո կա, դե յուրե չկա։ Որովհետեւ մենք 2008-ին ստորագրել ենք դեկլարացիան հետեւյալ խնդրի շուրջ` Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու համար գնալ արտահերթ նախագահական եւ պառլամենտական ընտրությունների։ Դա սպառել է իրեն։ Եթե չկա իրավական փաստաթուղթ, չկա նաեւ Կոնգրես։ Հետո ինչ, որ մի քանիսը հավաքվում են այնտեղ, ասեկոսեներ եւ այլն»։

Հարցին` չե՞ն կանչում արդյոք իրենց Կոնգրեսում որեւէ որոշման ընդունման, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավարը արձագանքեց. - «Կանչում են` մենք չենք մասնակցում, որովհետեւ մեր պահանջը չի կատարվել։ Մենք պահանջել ենք ժամանակին` Կոնգրեսի ղեկավարը գա ու ասի` երբ որ սպառել է դեկլարացիայի պայմանները, ինչ ենք անելու։ Եվ դա չի ասվել, եւ բերել հասցրել են այս վիճակին։ Սա է իրավիճակը»։

«Իսկ ճի՞շտ եք համարում նախագահական ընտրություններին որեւէ ձեւաչափով չմասնակցելը», - այս հարցին էլ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. - «Ո՛չ պոտենցիալ ունեն, ընտրազանգվածը հիասթափված է, ո՛չ կառույցներ է մնացել Կոնգրեսում` ինչո՞վ պետք է մասնակցեն, ի՞նչ ռեսուրսով, այս ռեժիմի դեմ ի՞նչ ռեսուրսով»։

«Պետք էր հակակշիռ, չէ՞, ասենք, 2007-ին ինչո՞ւ մասնակցեցին եւ հաղթանակ տարվեց, չէ՞, այն ժամանակ։ Որովհետեւ հզոր էր, խնդիր էր դրված իշխանափոխության` նախագահական ընտրություններում, եւ այդ խնդիրը փաստացի լուծվեց, իսկ դե յուրե զախվատ [զավթում] եղավ ռեժիմի կողմից, եւ այդպես չորս տարի կորցրեցինք», - ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը։

Իսկ թե ճի՞շտ է համարում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում չպաշտպանելու վերաբերյալ Կոնգրեսի որոշումը` այս կապակցությամբ Մարգարյանը հայտարարեց. - «Ընդհանրապես, այդ թույլ վիճակում ի՞նչ թեկնածու եւ ի՞նչ պաշտպանես` ձեւի համա՞ր»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG