Մատչելիության հղումներ

Թուրքական սերիալը` Էրդողանի զայրույթի պատճառ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթներից մեկի ժամանակ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթներից մեկի ժամանակ, արխիվ

Հավանաբար, Թուրքիայի վարչապետը իրեն ժամանակակից սուլթան է տեսնում, ընդգծում են քննադատները։

Ցոփ կյանք, կանանցով լի հարեմ, գայթակղություն, ինտրիգ. այսպիսի միջավայրում է ներկայացված թուրք սուլթան Սուլեյմանը 16-րդ դարի մասին պատմող մի հեռուստասերիալում, որը շուրջ 150 միլիոն հեռուստադիտող ունի տարբեր երկրներից։ Ժամանցային սերիալը, սակայն, զայրույթի պատճառ է դարձել Էրդողանի համար, ով հայտարարել է, թա դա անարգանք է ամբողջ թուրք ժողովրդի նկատմամբ։

Այսպես է սկսվում TIME պարբերականում տեղ գտած հոդվածը` Թուրքիայում սերիալի շուրջ վերջերս հասունացած սկանդալի եւ դրա շուրջ զարգացումների վերաբերյալ։

Նոյեմբերին իր ելույթներից մեկի ընթացքում Էրդողանը մատ թափ տվեց հեռուստասերիալի հեղինակների վրա, ասելով, թե «մեր իմացած Սուլեյմանն այդպիսին չէր»` ի նկատի ունենալով տեսարանները, որոնցում թուրք սուլթանը ներկայացված է իբրեւ կնամոլ եւ հարբեցող։

«Մինչ իմ ազգին դատապարտելը, ես դատապարտում եմ նախ եւ առաջ հեռուստասերիալի ղեկավարներին եւ հեռուստակայանին։ Մենք արդեն նախազգուշացրել ենք եւ սպասում ենք դատարանի որոշմանը», - հայտարարեց Թուրքիայի վարչապետը։

Էրդողանը բազմիցս է առիթներ ունեցել բողոքելու ցանկացած հեռուստաալիքի դեմ, որը փորձում է վարկանիշ ձեռք բերել Թուրքիայի «փառահեղ հարյուրամյակը» գովերգող ծրագրերով։ Հաշվի առնելով, որ սերիալը բավական հայտնի է նաեւ Թուրքիայի սահմաններից դուրս, Էրդողանը, հավանաբար, անհանգստացած է իր նախնիների մասին ձեւավորվող կարծիքի համար եւ ցանկանում է, որ նրանց տեսնեն միշտ պատերազմելիս եւ հաղթելիս: Հատկապես որ Թուրքիայի վարչապետը մտադրություն ունի վերականգնել իր երկրի կապերը Բալկանների, Մերձավոր Արեւելքի հետ եւ այդպիսով փորձել օգտագործել իր երկրի համառ արտաքին քաղաքականությունը՝ տանը ձայներ ստանալու նպատակով։ Իսկ երբեմնի թուրքական կայսրության հանդեպ որեւէ մեկը հավանաբար այդքան կարոտախտ չի զգում, որքան Էրդողանը։ Քննադատները նշում են, թե, հավանաբար, նա իրեն ժամանակակից սուլթան է տեսնում։ Էրդողանը շատ ծանր է տանում, նույնիսկ երբեմն զայրանում է օսմանյան անցյալի մասին որեւէ մեկնաբանությունից, որը կարող է հակասել իսլամական արժեքներին։

Ի դեպ, սուլթան Սուլեյմանի կերպարը հայտնվել է ոչ միայն սերիալում։ Բոլորովին վերջերս Էրդողանը նկատողություն է արել նաեւ Թուրքիայի ազգային ավիափոխադրողին, որը նույնպես իր իր գովազդում Սուլեյմանին ներկայացրել էր կանանց հետ պարելիս։ Դեպքից շատ չանցած Թուրքիայի օրենսդիրը սկսեց ակտիվորեն քննարկել օրենքի մի նախագիծ, որն արգելում է վիրավորել, խեղաթյուրել ազգային արժեքները, պատմական դեմքերին եւ դեպքերը։ Եվ արդեն իսկ գոյություն ունեցող օրենքը թուրքական երկիրը վատաբանելու մեղադրանքով դատապարտվածներին ազատազրկմամբ է սպառնում։ Ներկայումս էլ խոսվում է 2013 թվականից «փառահեղ հարյուրամյակի» մասին պատմող ցանկացած անդրադարձ եթերում արգելելու մասին։

Թուրքիայի վարչապետի այս վերաբերմունքը բացասական արձագանք է գտել Twitter-ում, որի օգտատերերը գրել են, որ «Էրդողանը այդքան գործերի մեջ կարողանում է սերիալ նայելու ժամանակ գտնել, նա իրենից բացի ուրիշ տիրակալի չի կարողանում ճանաչել», նմանատիպ այլ մեկնաբանություններ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG