Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 28-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ապատիկ կամ ապաքաղաքական իրավիճակներում շատերն են ձգտում անդրադառնալ գաղափարներին: Ասում են` ընդդիմությունը նահանջեց, որովհետեւ գաղափարական չէր: Ասում են, բայց որեւէ գաղափար առաջ չեն քաշում: Մոռանում են նաեւ, թե որքան «գաղափարական» է մեր իշխանությունը: Բացի դրանից գաղափարները հենց այնպես, դատարկ տեղում չեն ծնվում, ավելի ճիշտ չեն ընդօրինակվում, որովհետեւ գոնե հայ իրականության մեջ նոր գաղափարներ չեն ծնվում: Մենք դրանք վերցրել ենք ուրիշներից, փորձել ենք տեղայնացնել: Մեկ-մեկ ստացվել է, ավելի հաճախ չի ստացվել»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - « Մեր դժբախտությունն այն է, որ հայրենի էլիտան առաջնորդվում է միայն սեփական շահերով։ Արեւմուտքում մեծ մասամբ իշխանության են գալիս հասարակական նշանակություն ունեցող ինչ-որ բան անելու համար։ Հետո միայն գնում բիզնես եւ վերածում քաղաքական ռեսուրսը ֆինանսականի։ Մեզանում իշխանություն են գնում, որպես կանոն, սեփական ֆինանսական շահերի իրականացման նպատակով։ Էլիտայի գերակշիռ մասը մտահոգված է հատկապես դրանով եւ կատաղի պայքարում է յուրաքանչյուրի դեմ, որը ոտնձգություն կանի իր եկամուտների նկատմամբ։ Եվ հասարակությունը դա ընդունում է հանգիստ. «Էլիտան հենց նրանով է էլիտա, որ ապրի ինչպես վայել է էլիտային» Մինչդեռ մեր երկրին կենսականորեն անհրաժեշտ է կադրային հեղափոխություն եւ որակապես նոր էլիտա։ Հասարակությունը իշխանությունը հանձնել է տիրող էլիտային ու համակերպվում է նրա ոչ արդյունավետ կառավարման հետ։ Մարդկանց գիտակցության մեջ խորապես արմատավորվել է այն համոզմունքը, որ իշխանության վրա ազդելն անհնար է։ Այսպես է մտածում բնակչության առնվազն 90 տոկոսը։ Այդ կերպ է մտածում նաեւ էլիտան»։

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել է. - ««Ես յուրաքանչյուր քաղաքացու որոշումն էլ հարգում եմ: Իսկ այս դեպքում՝ առավել եւս, առաջին նախագահի որոշումները նույնպես հարգում եմ»: Լրագրողը հետաքրքրվել է, թե իր կարծիքով տարիքային ցենզը նման որոշում կայացնելու համար դոմինանտ էր համարել Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրակա՞ն պատճառն էր: ԱԺ նախագահը հակադարձել է. - «Կլինի՞, որ ես իր փոխարեն չկարծեմ»:

Անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու մասին ՀԱԿ-ի հայտարարությանը` «Հրապարակ»-ը գրում է. - «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս հայտարարությունը կեղծ է, քանի որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից «Ժողովրդավարական հայրենիքը» համաձայն չէ դրա հետ, իսկ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդն» ընդհանրապես չի ստորագրել այդ որոշման տակ, մինչդեռ Կոնգրեսում, ըստ կանոնակարգի, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ որեւէ մեկի ստորագրության բացակայության դեպքում որոշումն ընդունված չի համարվում: Անկախ ամեն ինչից, ուշագրավ եւ անտրամաբանական է ՀԱԿ տարածած հայտարարության բովանդակությունը, քանի որ, ինչպես հայտնի է, նախագահի թեկնածություն է առաջադրել նաեւ ՀԱԿ մաս կազմող «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը, ՀԱԿ տրամաբանությամբ, «ապօրինի ռեժիմի լեգիտիմացման» գործն է հանձնառել»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանը տարին փակում է ոչ միայն քաղաքական սկանդալներով եւ ճգնաժամով, որպիսին իհարկե, կարելի է համարել Հայաստանում նախագահական ընտրության նախընտրական գործընթացի հայտնի դրսեւորումները, այլ նաեւ մարզական ճգնաժամով եւ սկանդալով: Խոսքը տասը լավագույն մարզիկների ցուցակի շուրջ ստեղծված պատմության մասին է: Այս պատմությունը նոր չէ: Նույն խնդիրը նման ելեւէջներով դրսեւորվեց նաեւ անցյալ տարի, եւ եթե այն այս տարի կրկնվում է ավելի մեծ եւ լայն աղմուկով, ապա այստեղ արդեն կարելի է խոսել այն մասին, որ գործ ունենք իսկապես լուրջ մի խնդրի հետ: Լուրջը ցուցակի հարցը չէ, այլ հայկական սպորտի: Պարզ երեւում է, թե ինչ վիճակում է հայկական սպորտը, ինչ մակարդակում, ինչ ձեռքերում, ինչու էին, օրինակ, օլիմպիական անցած խաղերում հայկական մարզիկների արդյունքները այդքան տխուր, հատկապես տարածաշրջան մեր հարեւանների համեմատությամբ: Այսինքն հայկական սպորտը վերածվել է ներքաղաքական գործիքի եւ այդպիսով դադարել է հանդիսանալ որպես գործ, որը պետական քաղաքականության առումով շատ ու շատ զարգացած պետությունների համար դարձել է կիրառելի գործիք: Հայաստանում սպորտը գործիք է ներքաղաքական սուբյեկտների ձեռքին` միմյանց դեմ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG