Մատչելիության հղումներ

Փակ շուկան «կորցնում է դեմքը»


Մինչ Երեւանի փակ շուկայի տարածքում շարունակվում են շինարարական աշխատանքները, շենքի փրկության համար պայքարող ակտիվիստները դարձյալ բարձրաձայնում են` պատմական կառույցը կորցնում է դեմքը։

Շենքի վերջնամասում` մսի վաճառակետերի հատվածում կառուցվելիք մի քանի հարկանի շինությունը ամբողջությամբ խաթարելու է Ծածկած շուկայի սկզբնական տեսքը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի գնահատմամբ, կառուցապատողին` հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, հաջողվեց հասնել նպատակին․ - «Շուկայում կատարվում է այն, ինչ կառուցապատողը պլանավորել է ի սկզբանե։ Այսինքն՝ շենքի հետնամասում կառուցվում է բազմահարկ, ենթադրաբար՝ առեւտրի շենք։ Փաստորեն մարդը իրականացնում է շինարարություն, որի համար չունի որեւէ թույլտվություն», - ասում է ճարտարապետը։

Քաղաքապետարանը, սակայն, շենքի ետնամասում ընթացող շինարարությունը համարում է օրինական։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը օրերս հայտարարեց, թե ըստ նախագծի, շուկայի կամարները լիարժեք վերականգնվելու են, պահպանելվելու է շենքի գլխավոր ճակատը, իսկ կառույցի վերջնամասի փոփոխությունները թույլատրելի են:

Սարհատ Պետրոսյանի խոսքով, սա ոչ այլ ինչ է, քան գործարք. - «Պետական չինովնիկները գործարքի են գնում, եւ ցայտուն կերպով։ Ասում են՝ դե լավ, հիմքերը որ քանդել ես, ոչինչ, հիմա գոնե ամրացրու։ Այսինքն իրենք մի ուրիշ մակարդակի խոսակցություն են տանում։ Եվ պետությունը, փաստորեն, չի կարողանում մի օլիգարխի դեմ դուրս գա եւ օրինական ուղու վրա դնի»։

Նախօերին «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության ակտիվիստները կրկին հավաքվել էին շինհրապարակի մոտ` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարությունը: Մինչդեռ այսօր անգամ Մաշտոցի պողոտայի կողմից երեւում է վեր բարձրացող նորակառույցը։

Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի այս կառույցը ուղիղ 60 տարեկան է։ Արդեն մեկ տարի է շուկան դադարել է գործել` վերանորոգման պատճառով։ Շենքի կամարները քանդվեցին, թեեւ մասնագետները բացառում էին ինքնափլուզումը։ Այդուհանդերձ կառուցապատողը պնդեց, թե կամարները իրենք չեն քանդել:

«Պատմական շենքերի վերակառուցման տարբեր ձեւեր կան։ Դրանցից մեկը նույնությամբ պահպանումն է, մեկը կոչվում է հարմարեցում՝ ադապտացիա ժամանակակից պահանջներին», - ասում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով շենքը Երեւանի պատմամշակութային ժառանգություն է համարում, - «Այսինքն տարբեր մակարդակի գործընթացներ կան հուշարձանների հետ, որոնք տեսականորեն Հայաստանի օրենսդրությունը քչից շատից դրանց վերաբերմունք է ցույց տվել։ Հիմա գործընթացը պետք է դադարեցվի, հասկանանք այս մարդը ո՞ր մեկն է ուզում սրանցից անել, հետո մասնագետներ գան փորձեն դրան լուծում տալ։ Իսկ այստեղ խուլիգանական մի գործընթաց է գնում, այստեղ որեւէ օրինականություն չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG