Մատչելիության հղումներ

Ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է Օլիմպիական կոմիտեի կողմից շնորհված ոսկե շղթայից:

Նախօրեին տեղի ունեցավ հայ մարզիկների մեծարման երեկոն, որտեղ Հայատանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաեւ Հենրիկ Մխիթարյանի` լավագույն 10 մարզիկների ցանկում չհայտնվելու հանգամանքին:

Ծառուկյանը նշեց, որ, ավանդույթի համաձայն, լավագույններին որոշել է Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան, որը անկախ է գործում: Նա նաեւ նշեց, որ Մխիթարյանի շնորհիվ, Հայաստանը ճանաչելի է դարձել շատ երկրներում, եւ որ բոլոր հայերը հպարտանում են նրանով: Վերջում Ծառուկյանը հայտարարեց, որ Օլիմպիական կոմիտեի կողմից Մխիթարյանին ոսկե շղթայով է պարգեւատրում:

Մխիթարյանը իր գրառման մեջ ոչ միայն հրաժարվել է ոսկե շղթայից, այլեւ անդրադարձել օրերս հրապարակված Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակին, որտեղ ոչ մի ֆուտբոլիստ չէր հայտնվել:

«Ես կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար եւ ազնիվ, քանի որ սպորտի մեջ մենք պայքարում ենք ազնվության համար: Կարծում եմ` իմ երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանան եւ չեն կարծի, որ ցուցակում չլինելու համար ցավ եմ ապրել, քանի որ Հայաստանում կան ինձանից ավելի արժանավոր մարդիկ, ովքեր չկան լավագույն մարզիկների ցուցակում, ինչպես, օրինակ, մեր շախմատի ոսկե հավաքականի տղաները, ովքեր միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը եւ նրանց միջոցով արդեն մի քանի տարի ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին», - ասել է ֆուտբոլիստը:

Լավագույն մարզիկների տասնյակից դժգոհ են նաեւ շախմատի հավաքականի անդամները: Գաբրիել Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող էր Լեւոն Արոնյանը չհայտնվել գոնե առաջատար եռյակում:

Մարզական լրագրողների ֆեդերացիան լավագույն 10 մարզիկների ցուցակը ինքնուրույն է կազմել: Ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի խոսքով` այն խոսակցությունները, թե ցուցակը պատվիրված է եղել, սխալ են: Ոչ մի ճնշում չի եղել, իսկ ցուցակը կազմել են 30 մարզական լրագրողներ:

Մինչդեռ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականն է ակնկալում: Պատճառը լավագույն մարզիկների ցուցակն է: «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Ֆարմանյանը հստակեցրեց, որ նախարարի հրաժարականը չի ակնկալի, եթե Հրաչյա Ռոստոմյանը հայտարարի, որ նման եղանակով այլեւս Հայաստանի լավագույն մարզիկներին չեն ընտրի:

Ցուցակում ֆուտբոլիստների բացակայությանը անդրադառնալով` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ այսօր հայկական սպորտը ղեկավարող անձինք «իրենց գործողություններով եւ մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն»: Կոնկրետ անուններ Հայրապետյանը չի նշել:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով` հարցը չլուծվելու դեպքում այն կբարձրացնի նաեւ ԱԺ գարնանային նստաշրջանում: Պատգամավորի համար անհասկանալի է լավագույն մարզիկներին ընտրելու կարգը:

Ի դեպ, երեկ տեղի «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների մեծարման երեկույթը, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Երեւանում բնակարան ստացավ: Իսկ մի շարք մարզիկներ դրամական մրցանակներ ստացան: Լավագույններին պարգեւատրեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG