Մատչելիության հղումներ

Սիրիահայերը Քուվեյթի դրամական օգնությունը կծախսեն միայն «Երեւանի Սիթի»-ում


Հայաստան ժամանած սիրիահայերը, արխիվ

Հայաստան ժամանած սիրիահայերը, արխիվ

Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին հատկացվող Քուվեյթի կառավարության օգնությունը կփոխանցվի «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցին, որի սեփականատերը իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Քուվեյթի կառավարության հատկացրած 100 հազար դոլարը Հայաստանում գտնվող սիրիահայերին ոչ թե առձեռն կհատկացվի, այլ կտրոնների տեսքով: Մեկ կտրոնը 20 հազար դրամի արժեք ունի, յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի երկու կտրոն: Կտրոններ կհատկացվեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ցուցակում ներառված մոտ 1000 ընտանիքների: Այդ կտրոններով սիրիահայերը կարող են առեւտուր անել միմիայն Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցից:

«Այս որոշման հեղինակը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Հայաստանում Քուվեյթի դեսպանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

Նա ասում է, որ իրենք չեն միջամտել դեսպանատան որոշմանը:

«Ես չեմ կարծում, որ հատուկ նպատակադրում է եղել «Երեւան Սիթիի» ուղղությամբ: Քուվեյթի դեսպանատունը մոնիտորինգ է անցկացրել Հայաստանում, թե որ սուպերմարկետից ավելի էժան կարող են գնել, իրենք կանգ են առել այդ սուպերմարկետի վրա: Այդ հարցում մենք չենք խառնվել, ոչ սփյուռքի նախարարությունը, ոչ հասարակական կազմակերպությունները: Իրենց առաջարկությունը մենք չէին կարող մերժել, իմաստ էլ չուներ», - ասաց Զաքարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե մտահոգություն չկա՞, որ էժան ապրանքները կարող են լինել անորակ ու ժամկետանց եւ այդ մասին անգամ մամուլում են կարծիքներ շրջանառվում, Զաքարյանը արձագանքեց, որ դրանք բամբասանքների մակարդակի խոսակցություններ են: Հարցին, թե ո՞ր գերատեսչությունն է որոշել գումարը կտրոնի միջոցով հատկացնել, այլ ոչ թե առձեռն, ինչի դեպքում սիրիահայերը ինքները կորոշեին ինչպես վարվել այդ գումարների հետ, Զաքարյանը պատասխանեց, որ դա համատեղ որոշման արդյունք է: Նպատակը սիրիահայերին տոնական օրերին սնունդով ապահովելն է, ասում է նա:

«Համատեղ բանակցությունների ընթացքում կանգ են առել այդ տարբերակի վրա, որ քարտերով տան, ընտանիքները վերցնեն եւ օգտագործեն սնունդ ձեռք բերելու վրա: Ընդ որում` բացառվում է ալկոհոլի եւ ծխախոտի գնումը այդ քարտերով», - ասաց Զաքարյանը:

Այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում եռուզեռ էր: Երեկվանից կենտրոնի աշխատակիցները հերթով զանգահարում են իրենց ցուցակում ներառված ընտանիքներին, որպեսզի նրանք գան եւ ստանան կտրոնները: Այսօր ավելի քան 200 ընտանիք է այցելել կենտրոն: Սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան փախած ու Հայաստանում հիմնականում առանց աշխատանք մնացած սիրիահայերի համար ամեն մի օգնություն կարեւոր է ու ինչ-որ կերպ թեթեւացնում է նրանց հոգսերը:

Սիրիահայ Արամ Խլոյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ փորձել է Հայաստանում առեւտրով զբաղվել, բայց գործը տեղից դժվար է շարժվում:

«Գոնե երեխաների կարիքները կհոգանք, երբեմն բաներ են ուզում, չես կարող գնել», - ասաց նա:

Ինչպես Խլոյանը, այնպես էլ օգնության հետեւից եկած այլ սիրիահայեր, կարեւորելով նման նախաձեռնությունները, այսուհանդերձ, ասում էին, որ ավելի լավ կլիներ, որ գումար հատկացվեր իրենց: Հայ բարեգործական ընդհանուր միությունը, երկու ամիս բնակարանի վարձերը փոխհատուցելով, դադարեցրել է այդ ծրագիրը: Ուստի գումարային օգնությունն այժմ տեղին կլիներ, ասում էին նրանք:
XS
SM
MD
LG