Մատչելիության հղումներ

Պատգամավորը բլոգերի դեմ հայց է ներկայացրել


ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան, արխիվ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ այն բանից հետո, երբ բլոգերը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մակագրությամբ դեմոտիվատոր է պատրաստել եւ տեղադրել իր բլոգում:

Բոլգերը Ուրիխանյանին պատկերել է կիսամերկ մոդելի մարմնով, եւ պատկերից ենթադրվում է, որ այն նվիրված է պատգամավորի` «Style Screen» մրցանակաբաշխությանը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելուն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ բլոգերի պատրաստած դեմոտիվատորը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Էդգար Բարսեղյանը թեեւ չի կարծում, որ վիրավորել է պատգամավորին, բայց նորմալ է վերաբերում այն երեւույթին, որ Ուրիխանյանը որոշել է այս խնդիրը լուծել դատարանի, այլ ոչ թե այլ միջոցով:

Համաձայն ներկայացված հայցի` պատգամավորը բլոգերից պահանջում է 1.530.000 դրամ, որից 1 միլիոնը որպես բարոյական վնաս, 500 հազարը` փաստաբանի ծախսերը, 30 հազարն էլ պետական տուրք: Նա նաեւ պահանջել է Demotivator.am եւ Blognews.am կայքերից ու սոցիալական ցանցերից հեռացնել պատգամավորի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող նյութերը:

«Եթե ես կարծեի, որ վիրավորել եմ, անմիջապես ներողություն կխնդրեի եւ անմիջապես կհեռացնեի: Խնդիրը նրանում է, որ ինձ նույնիսկ չեն էլ տեղեկացրել», - ասաց բլոգերը` հավելելով, թե հնչել է մի զանգ, եւ զանգահարողը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ դեմոտիվատորի մասին է խոսքը:

«Քննադատական խոսքս ես վերաձեւավորել եմ պատկերի տեսքով, քանի որ խոսքով բոլորս էլ կարող ենք այնպես գրել, որ միանշանակ պարզ լինի: Պատկերը տարբեր ձեւով կարելի է ընկալել, դա առողջ քննադատությունն էր մի քայլի, որին իմ կարծիքով, պատգամավորը չպետք է գնար», - ասաց Բարսեղյանը:

Ուրիխանյանը սա չի համարում քննադատություն, ասում է` սա միայն վիրավորանք է: Ի՞նչ ձեւով, ի՞նչ ուժով ու վստահությամբ պետք է ես մասնակցեմ դիվանագիտական լուրջ հանդիպումներին, խոսեմ պետական անվտանգության հետ կապված խնդիրների շուրջ, հարց է բարձրացնում Ուրիխանյանն` ավելացնելով. - «Երբ որ թուրքերն ու ադրբեջանցիները նայելու են կիսատկլոր աղջկա վրա մոնտաժված ԱԺ պատգամավորի դիմապատկերը՞»:

Բարսեղյանն էլ խորհուրդ է տալիս. - «Եթե պատգամավորը մտածում է իր միջազգային վարկի մասին, թող նաեւ մտածի Հայաստանի միջազգային վարկի մասին, որովհետեւ այս գործը, որ ուղղված է բլոգերի դեմ, շատ հանգիստ կարող է Հայաստանը գցել այնպիսի երկրների ցուցակը, որ մենք երբեք չենք ցանկանա` խոսքի ազատության եւ գրաքննության առնչությամբ»:

Հարցին, թե խնդիրը դատարան հասցնելով այս պատմության արդյոք ավելի մեծ հնչեղություն չի տրվո՞ւմ, Ուրխանյանը պատասխանեց, որ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա, եւ հենց այդ պատճառով է ինքը հարցը բարձրաձայնում:

«Նման բաներ սկսեցին տեղի ունենալ այն պահին, երբ ես համարձակություն ունեցա խոսելու, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ: Քանի որ չունեմ բիզնեսներ, որպեսզի ինձ մոտ հարկային ստուգումներ ուղարկեն, չունեմ արտասահմանից ստացած գումարներ, որ փողերի լվացման մեջ մեղադրեն, ինձ վրա ազդելու ուրիշ հնարավորություն չունեն, լկտի նկարներով են փորձում զբաղեցնել», - ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ բլոգերի դեմ դատական հայց ներկայացնելու նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղաքացի որեւէ այլ քաղաքացու վիրավորելու իրավունք չունենա: Էդգար Բարսեղյանն էլ իր հերթին կարծում է, որ նման դեպքերում շատ բարդ է գտնել այն սահմանը, որտեղ ոչ կոտնահարվի մարդու իրավունքը, ոչ էլ բլոգերը գրաքննության կենթարկվի:

Իր հասցեին բլոգերը սպառնալիքներ դեռ չի ստացել: Սակայն առաջին դատական նիստի ժամանակ, որը տեղի ունեցել դեկտեմբերի 24-ին, նրա խոսքով` Ուրիխանյանը դատավորին դիմելիս ասել է` «եթե գործը ստանա այլ ավարտ, քան ցանկալի է իրեն, դատավորին շատ դժվար կլինի Հայաստանում աշխատանք գտնել»:

Մինչդեռ Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը, արձագանքելով այս հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Ուրիխանյանը դատարանում չի եղել եւ հետեւաբար չէր կարող սպառնալ դատավորին:

Այս գործով հաջորդ դատական նիստը արդեն տեղի կունենա հունվարի 14-ին:
XS
SM
MD
LG