Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւ. «2012-ը ղարաբաղյան կարգավորման համար լճացման տարի էր»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ

Պաշտոնական Բաքուն դժգոհ է ղարաբաղյան կարգավորման ընթացքից: Այս մասին շաբաթասկզբին Ռուսաստանի պետական Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ես բացասական եմ գնահատում այս տարվա արդյունքները: 2012-ին ղարաբաղյան կարգավորման գործընթացը հայտնվեց լճացած վիճակում: Պատճառը հայկական կողմի դիրքորոշումն է, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ամրագրել առկա ստատուս քվոն: Կարգավորումը նշանակում է նաեւ գրավյալ տարածքների ազատագրում: Հարկ է նշել, որ այսօր օկուպացված են նաեւ այն շրջանները, որոնք չէին մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ, որտեղ երբեք հայկական բնակչություն չի եղել: Այդ շրջաններում ադրբեջանցիներ են ապրել, նրանց բոլորին տեղահանել են», - հայտարարել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարը, սակայն, բավական անսպասելիորեն խոստովանել է, որ պաշտոնական Բաքուն չի կարողանում պատշաճ կերպով միջազգային հանրությանը ներկայացնել իր մոտեցումները:

«Հայաստանի` ամեն ինչ անփոփոխ թողնելու եւ մեզ մեղավոր հռչակելու փորձերը հնարավոր չէ արդարացնել: Իհարկե, քարոզչական առումով գուցե նրանց հաջողվում է ողջ մեղքը մեզ վրա բարդել, բայցեւայնպես, եթե դիտարկենք հարցի էությունը, ապա Ադրբեջանի տեսակետը հետեւողական ու սկզբունքային է եղել` հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա», - նշում է Ալիեւը՝ ընդգծելով, որ անցնող տարում արձանագրված միակ դրական զարգացումը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների՝ կարգավորմանը վերաբերող հայտարարությունն էր:

Ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւը նաեւ խոսել է ԱՊՀ տարածքում ծավալված ինտեգրացիոն պրոցեսների մասին` հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը:

«Այստեղ մենք առայժմ որեւէ շահեկան կողմ չենք տեսել: Ադրբեջանի տնտեսական կացությունը բավական ամուր է` առկա են տարադրամային բավարար պաշարներ, հարուստ բնական պաշարներ, խոշովակաշարերի զարգացած ցանց, շահեկան աշխարհագրական դիրք: Բայց եթե ավելի լավ հեռանկարների հասնելու առաջարկներ լինեն, մենք իհարկե կմտնենք ցանկացած միավորում, այդ առումով որեւէ սահմանափակում չկա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Այնուհանդերձ, հարցին, թե «արդյո՞ք Մաքսային միությանը չմիանալը եւս դիրքորոշում է», Ալիեւը դրական պատասխան է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG