Մատչելիության հղումներ

2012 թվականը Հայաստանի տնտեսության համար ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված տարի, տնտեսական տարին այսօր ամփոփելիս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Ակնհայտ է, որ մեզ կհաջողվի ամփոփել տարին ցուցանիշներով, որոնք էականորեն ավելի բարձր կլինեն, քան մենք պլանավորել էինք 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ այս տարվա համար համախառն ներքին արդյունքի ցուցանիշը նախատեսված էր 4.2 տոկոս, սակայն, ինչպես բազմիցս նշել են ոլորտի պատասխանատուները, այդ ցուցանիշը տարեվերջին կլինի 7 տոկոսի շրջանակում:

Արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ աճը կլինի 10 տոկոսի շրջանակում: Ըստ Տիգրան Դավթյանի, առաջանցիկ են արտահանման ծավալների աճի տեմպերը, դրանք 2.5 անգամ ավելին են, քան ներկումների ծավալների աճի տեմպերը:

Զբոսաշրջության ոլորտում այս տարեվերջին արդեն իսկ առկա է 9.2 տոկոսի աճ, փաստում է Դավթյանը։ Նախարարության կանխատեսումներով, այս տարեվերջին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կլինի շուրջ 830 հազար:

Գործարար միջավայրի հետ կապված նախարարը նվաճում է համարում այն, որ Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցում Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով, 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը: Նախարարը գտնում է, որ դա գնահատական է գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ու դյուրին դարձնելուն: Միեւնույն ժամանակ, նախարարը մտահոգիչ չի համարում այն, որ գործարար միջավայրի բարելավման ֆոնին ներդրումների ծավալը նվազել է։ Նախարարի խոսքով՝ դա բացատրվում է այն հանգամանքով, որ մի քանի խոշոր ծրագրեր, որոնք նախորդ տարվա ցուցանիշների մեջ կային, այս տարի ավարտվել են։

«Մասնավորապես՝ օդանավակայանի շինարարությունը ավարտվեց, տելեկոմի լուրջ ներդրումները՝ «Օրանժ»-ի եւ մի շարք ընկերությունների, որոնք բավականին ակտիվ եւ մեծ ներդրումներ արեցին, նույնպես հիմնականում ավարտվեցին», - պարզաբանեց նախարարը, - «Դրա համար, եթե մենք այդ կոմպոնենտները հանենք, կտեսնենք, որ էական տարբերություններ չկան այլ ներդրումների ծավալների մեջ»։

«Իսկ ինչո՞ւ նոր ներդրողներ չեն գալիս Հայաստան», - հարց հնչեց:

«Ամենակարեւոր խնդիրը, որ մենք ունենք, դա փոքր եւ սահմանափակ ներքին շուկան է։ Փոքր շուկաները գրավիչ չեն խոշոր ներդրումային ընկերությունների համար», - պատասխանեց Տիգրան Դավթյանը։

Օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անդրադարձել էր Վանաձոր-Ֆիոլետովո եւ Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան տանող երկաթուղիների կառուցման խնդրին, նշելով, թե Վանաձոր-Ֆիոլետովոն «բիզնեսի տեսանկյունից դա այնքան էլ շահավետ ծրագիր չէ», իսկ «Զվարթնոց» օդանավակայան տանող երկաթուղու հարցում է «Հարավկովկասյան երկաթուղին» փորձում է տեսնել տնտեսական եւ բիզնես շահը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից այսօր փորձեցինք պարզել կառավարության դիրքորոշումը երկու երկաթուղիների կառուցման նպատակահարմարության շուրջ:

«Իմ կարծիքը միանշանակ դրական է։ Ես կարծում եմ, որ այս երկու երկաթուղիների եւ կապի առկայությունը էականորեն կբարելավի իրավիճակը բեռնափոխադրումների հետ կապված Հայաստանում, բայց այստեղ խնդիրը, իհարկե, ռեսուրսների մեջ է, այսինքն՝ ով պետք է հոգա այդ ծախսերը», - պատասխանեց նախարարը, հավելելով, որ պետությունը չի կարող այդ ամբողջ բեռն իր վրա վերցնել, իսկ խնդրի շուրջ բանակցություններում էական տեղաշարժ չկա եւ դժվար թե այն շատ արագ լուծում ստանա:
XS
SM
MD
LG