Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան. «Առաջնագծում զինվորն այլեւս անվտանգ է»


Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան

Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի համար 2012 թվականը առանձնացել է բոլոր նախորդ տարիներից։ Այս մասին հայտարարեց Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«2012 թվականը Պաշտպանության բանակի համար եղել է բավականին հագեցված տարի` կարեւոր միջոցառումներով, ինչպես նաեւ բանակաշինության գործում զուտ ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ», - ասաց Հակոբյանը։

Տարին առանձնահատուկ էր հատկապես նրանով, որ ի տարբերություն անցյալ տարիների` այս տարի նվազել են ղարաբաղյան դիրքեր հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը։ Նախարարի խոսքերով` այդ երեւույթի դեմ լուծում է գտնվել. - «Այս տարի մեծածավալ աշխատանք է իրականացվել առաջին գծի ամրապնդման ուղղությամբ, կոնկրետ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձի կանխարգելման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ։ Եվ այս տարի կարող ենք փաստել, որ 7 դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդին միայն մեկ դեպքում է մասնակի հաջողվել վնաս պատճառել Պաշտպանության բանակի զինծառայողներին, մնացած 6 դեպքերում ժամանակին այդ խմբերը հայտնաբերվել են եւ կորուստներ կրելով հետ շպրտվել իրենց մեկնարկային դիրքեր»։

Ադրբեջանցի դիպուկահարների կրակից պաշտպանվելու նպատակով Լեռնային Ղարաբաղում այս տարի նույնպես աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում, փաստում է նախարարը, առաջնագծում զինվորն այլեւս անվտանգ է. ի դեպ, անցյալ տարի միայն դիպուկահարի կրակից 11 զոհ էր գրանցվել։ «Այս ցուցանիշը նվազեցվել եւ հասցվել է երկուսի, այս երկու դեպքերն էլ մեր զինվորների կողմից անվտանգության կանոնների խախտման արդյունք է եղել։ Եվ այն միջոցառումները, որ մենք իրականացրել ենք զինծառայողների անվտանգության ծառայություններն իրականացնելու, առաջնագծում լիարժեք իրենց արդյունքը տվել է, եւ այսօր Պաշտպանության բանակի բոլոր դիրքերում զինվորը կարող է հանգիստ իր դիտարկումն իրականացնել, եւ որեւէ վտանգ իրեն սպառնալ չի կարող, եթե ինքը անվտանգության կանոնները չխախտի», - ասաց Մովսես Հակոբյանը։

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարներին, նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացվել, եւ մահվան ելքով դեպքերը զգալիորեն նվազել են։ Այդուհանդերձ, այս տարի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում գրանցվել է 6 ինքնասպանության եւ դիտավորյալ սպանության մեկ դեպք, եղել են նաեւ հիվանդության, ավտովթարի արդյունքում մահացու դեպքեր, նշեց Ղարաբաղի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG