Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցությունը թեկնածու չի առաջադրի գալիք տարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Միեւնույն ժամանակ կուսակցությունը չի սատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երեկ նման որոշում է կայացրել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը:

Աղվան Վարդանյանը, սակայն նշեց, թե միեւնույն ժամանակ չի բացառվում որ կուսակցությունը կարող է սատարել թեկնածուներից որեւէ մեկին` բացառությամբ, իհարկե, իշխանության թեկնածուին:

Ներկայացնելով նտրություններին թեկնածու չառաջադրելու դրդապատճառները` Վարդանյանը ասաց. - «Առաջինը Հայաստանում, ցավոք, ձեւավորված ընտրությունների բնույթի խնդիրն է, որ ինչպես մեր կյանքի շատ ու շատ կողմեր, ինչպես տնտեսությունը, ինչպես քաղաքական շատ հարաբերություններ, ստվերային է: Մարդիկ գնում են ընտրության տեղամաս, բայց որոշումը արդեն վաղուց այլ միջոցներով, այլ լծակներով կայացել է: Եվ այս ընթացքում չկարողացանք այդ բնույթը փոխելու համատեղ նախադրյալներ ստեղծել»:

«Երկրորդը` հնարավոր չեղավ ընդդիմադիր միասնական ճակատ ձեւավորել, որը նաեւ կհանգեցներ միասնական թեկնածուին: Երրորդը` մասնակցել ինքնանպատակ կանխորոշված ընտրություններին կնշանակեր գծված սցենարի մաս կազմել, իսկ մենք ասել ենք, որ Դաշնակցությունը երբեք ուրիշների խաղը չի խաղում եւ երբեք ուրիշների սցենարով չի առաջնորդվում: Մենք անկախ, ինքնուրույն քաղաքական ուժ ենք: Եվ չորրորդը` իրոք, միայն ընտրությունների քարոզարշավի կամ նախընտրական շրջաններում չէ, որ լուրջ, պատասխանատու քաղաքական ուժը պիտի իր քայլերն իրականացնի, իր դիրքորոշումները ներկայացնի, իր քարոզչությունը անի, իր ճշմարտությունները կարողանա ներկայացնել: Մենք սա շարունակելու ենք անել», - շարունակեց նա:

Թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չի բոյկոտում գալիք նախագահական ընտրությունները ու միեւնույն ժամանակ չի բացառում անգամ, որ կարող է սատարել որեւէ ընդդիմադիր թեկնածուի, Արմեն Ռուստամյանը նշեց, թե միայնակ բոյկոտելը իմաստ չէր ունենա, իսկ ընդդիմադիր կամ ոչ իշխանական այլ ուժերի հետ գալիք ընտրությունները բոյկոտելու շուրջ պայմանավորվածություն այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել:

«Բոյկոտն էլ պետք է լինի միասնական, որպեսզի իմաստ ունենա: Միասնականություն այդ դաշտում էլ չկա: Խնդիրը հենց այստեղ է: Եթե իսկապես ուզում ես բոյկոտը նպատակային լինի, որպես քաղաքական գործիք աշխատի, պետք է միասնական որոշումով, բոլորի համախմբումով կատարվի», - ասաց Ռուստամյանը:

Այն հարցին, թե ե՞րբ նշվում է, որ ընտրությունները Հայաստանում ստվերային են կամ արդեն կանխորոշված են, արդյոք նշանակո՞ւմ է, որ Դաշնակցությունում գտնում են, թե գալիք ընտրությունները կեղծվելու են եւ այդ պատճառով էլ կուսակցությունը թեկնածու չի առաջադրում, Աղվան Վարդանյանը արձագանքեց. - «Իրավիճակը այնպիսին է, որ կարծես թե հատուկ կեղծելու մեծ իմաստ էլ չկա: Ակնհայտ է, որ մասնակցությունը, ակտիվությունը պիտի որ շատ ցածր լինի: Ես չեմ բացառում, որ ինչ-որ թվեր ցույց տալու առումով, գիտեք նաեւ ընտրությունը անցկացնող անձերի, պաշտոնյաների, հազար տեսակ թաղային հեղինակությունների կողմից տոկոսներ ավելացնելու [փորձեր] եւ այլն: Բայց այստեղ արդեն ոչ թե ընտրությունները կեղծելու խնդիրն է, այլ Ազգային ժողովի ընտրություններից հետո մոտեցումները, հնարավորությունները փոխելու, նոր մթնոլորտ առաջացնելու անհնարինությունն է նաեւ: Ես չեմ բացառում, որ շատ խաղաղ, առանց որեւէ միջամտության հաղթանակ ապահովեն, բայց մենք գիտենք մեր իրականությունը, ջանքեր գործադրողներ կլինեն: Ստվերային ասելով` ես նաեւ հենց սա նկատի ունեի, որ ընտրությունները կանխորոշվում են ոչ թե ընտրական տեղամասում, այլ դրանից դուրս»:
XS
SM
MD
LG