Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Նոր գիրք» գրախանութը


Երեւանում այսօր նոր գրախանութ բացվեց: «Նոր գիրք» կոչվող գրախանութը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, պատկանում է Գրողների միությանը եւ բացվել է միության միջոցներով:

«Արդեն տասը տարի է Հայաստանի գրողների միությունը ուղղակի պայքարում է իր սեփական հողատարածքի վրա գրախանութ բացելու հնարավորության արտոնության համար: Քաղաքապետները փոխվում էին, խոստումներ շռայլվում էին, բայց ի վերջո պաշտոնեական գրություններով արգելք էր դրվում` պատճառաբանելով, թե առաջին գիծ է եւ այստեղ հնարավոր չէ: Այսինքն ամեն ինչի համար հնարավոր է առաջին գիծ, բայց գիրքը առաջին գծում արգելվում է վաճառել: Վերջապես այս տարի, ի պատիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրավունքը արտոնվեց», - գրախանութի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

25 քառակուսի մետր տարածքի վրա գտնվող գրախանութ-կրպակը, ըստ Անանյանի, երկու հիմնական խնդիր է միաժամանակ լուծելու:

«Նախ բոլոր այն կասկածամիտներին, ովքեր տարփողում են բոլոր հնարավոր ամբիոններից, թե այսօր ժամանակակից գրականություն չունենք, թող մտնեն եւ տեսնեն, թե ինչ ներկայանալի, ինչ հրաշալի ժամանակակից գրականություն ունենք անխտիր բոլոր ժանրերում», - ասաց միության նախագահը` հավելելով, որ նաեւ հայ գրահրատարակչության 500-ամյա ավանդույթների պահպանումը ակներեւ կդառնա նոր հրատարակված գրքերին ծանոթանալիս:

Գրողները կարծում են, որ այս նոր գրախանութը կամրապնդի գրող-ընթերցող-հրատարակիչ կապը:
XS
SM
MD
LG